Սրճարանը, որը պետք է բացվի Ախալքալաքի Ջիվանու զբոսայգում (տեղացիների շրջանում հայտնի է որպես Մնդոյի սադ) կբացվի ամռան վերջին կամ լավագույն դեպքում աշնան սկզբին, բայց այն բաց կլինի բոլոր սեզոններին:
Նախորդ տարի ավարտվել են Ջիվանու զբոսայգու վերանորոգման ու վերականգնման աշխատանքները։ Բացի նստարաններից, լուսավորությունից ու մանկական հրապարակից այստեղ հայտնվեց փայտե շինություն, որում այս տարի ամռանը պետք է գործեր սրճարան։ Սակայն սրճարանի շենքի վարձակալության պայմանագիրը կնքվել է վերջերս։
Ջիվանու զբոսայգում կան սեղաններ, իսկ սրճարանի տարածքը փայտից է, այնտեղ անցկացված է ջուր և գազ։ Հսկայական է սրճարանի կարիքը մի քաղաքում, որտեղ ժամանցի վայրեր չկան։ Դեռ հունիսի 24-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները հինգ հանձնաժողովների համատեղ նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Ջիվանու պուրակում գտնվող սրճարանի նախնական վարձավճարի հարցը։ Քաղաքապետարանը սահմանել է սրճարանի շահագործման տարեկան վարձավճարի սկզբնական չափը՝ 2 817 լարի։
Oգոստոսի 22-ին, սակրեբուլոյի լիագումար նիստում պատգամավորները քննարկել և պայմանավորվել են այս գումարի շուրջ։ Սակայն ամառն արդեն ավարտվում է, իսկ այգում սրճարանը դեռ չի գործում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանին կից Տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանի խոսքով՝ վարձակալության հարցը լուծված է։ Նոր վարձակալն է որոշում, թե երբ բացի սրճարանը։
«Ամեն ինչ արված է, բոլոր հարցերը լուծված են։ Պայմանագիրը կնքված է։ Մնում է, որ նա ամեն ինչ տեղավորի ու սկսի աշխատել։ Խոսել եմ հետը, նա ասաց, որ ինչ-որ բան է պատվիրել, սպասում է»,- ասում է Մնացական Փամբուխչյանը։
Վարձակալ Արթուր Մանասյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ պայմանագիրն արդեն կնքված է, և Ախալքալաքի համար շատ անսովոր բան է սպասվում այգում, ինչպես նաև, որ սրճարանը բաց կլինի ողջ տարին, չնայած ցուրտ եղանակներին:
«Այգում կամարներ կլինեն, այս կամարներում լույս կլինի, դա կուպեի պես է, բայց թափանցիկ։ Այնտեղ բնակիչները կարող են սուրճ խմել և պաղպաղակ ուտել։ Կլինի 7 կամար: Մեկուկես ամսից այս կամարները պետք է բերվեն Չինաստանից։ Այնուամենայնիվ, միգուցե մինչ այդ մենք հենց այնպես բացենք։ Ձմռանը ևս մենք կկարողանանք աշխատել այս կամարներով։ Կոյուղու, ջրի հետ կապված բոլոր հարցերը լուծված են»,- ասում է Արթուր Մանասյանը։