Ախալքալաքի շրջանի Չունչխա գյուղում արդեն ավարտվում է նոր դպրոցի կառուցումը: Այն նախատեսված է գրեթե 100 աշակերտի համար:

Նոր դպրոցի նոր շենքի շինարարությունը սկսվել էր 2019 թվականի նոյեմբերի 14-ին: Այս պահին շենքն արդեն կառուցված է, տարվում են ներքին աշխատանքներ:

2

Դպրոցի կառուցման համար Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամը հատկացրել է 1 905 230 լարի: Աշխատանքներն իրականացնում է «Element Construction and Design»-ը: Նախատեսվում է, որ դպրոցի շենքը շահագործման կհանձնվի 2020-2021 թվականների նոր ուսումնական տարում:

«Element Construction and Design»–ի ներկայացուցիչ Նուգզար Թվարաձեի խոսքով՝ շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև 2020 թվականի հոկտեմբերի վերջ:

1

Չունչխա գյուղի դպրոցում սովորում է 91 աշակերտ, որոնցից 28-ը հարևան Պտենա գյուղից են: Արդեն հոկտեմբերին երեխաները կսկսեն հաճախել նոր դպրոց:

Ըստ տենդերային փաստաթղթերի, կլինի 9 դասասենյակ, 3 աշխատասենյակ և 1 լաբորատորիա:

Դպրոցում նաև տեղ կհատկացվի տնօրենի աշխատասենյակի, հաշվապահության և բժշկի սենյակի համար:

Ինչպես ավելի վաղ մեզ հայտնել էր դպրոցի տնօրենը, նոր դպրոցը կունենա նաև արխիվների համար տեղ, գրադարան, բուֆետ, ախտահանող դարակաշարերով սանհանգույց և հանգստի գոտի:

Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 1-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա գյուղի միջնակարգ դպրոցի փայտե շենքում հրդեհ էր բռնկվել: Չունչխա գյուղի վրացական դպրոցը բաղկացած էր երկու մասնաշենքերից` դպրոցի հիմնական շենքից (տեղակայված նախկին մանկապարտեզի շենքում) և փայտե ֆիննական տնակից, որն այրվել էր հրդեհի ժամանակ: Դրանից հետո աշակերտների մի մասը շարունակեցին իրենց ուսումը գյուղապետարանին պատկանող շենքում:

Հարևան Պտենա գյուղի աշակերտները նույնպես սովորում են Չունչխայի միջնակարգ դպրոցում: Պտենա գյուղի դպրոցը գտնվում է վթարային վիճակում, արդեն քանի տարի է, ինչ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն այնտեղ արգելել է դասեր անցկացնել: Դասերը Չունչխայի դպրոցում անցկացվում են երկու հերթափոխով: Առաջին հերթափոխով դաս են անում Չունչխա գյուղի աշակերտները, իսկ երկրորդով՝ Պտենա:

Բրատիսլավ Իգիթխանյան