Ախալքալաքում գործող «ԱրՄաթ» կենտրոնը, որը դպրոցահասակ պատանիների համար անցկացնում է անվճար դասընթացներ, հայտարարել է ընդունելություն 10-18 տարեկան պատանիների համար: Արմաթը Ախալքալաքում գործում է արդեն 6 տարի, սակայն 2024-ից սկսած կենտրոնը համալրումներ և նորույթներ ունի:

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում պատանիները կարող են սովորել ծրագրավորում, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, խաղերի և անիմացիաների ստեղծում: Այս տարվանից նշված ուղղություները վերամշակվել են և մոդերնիզացվել, ավելացվել են նոր ուղղություներ, ինչպես նաև կատարվել են տեխնիկական համալրումներ:

Ախալքալաքի «ԱրՄաթ» կենտրոնի խմբավար Ենոք Ֆիդանյանի խոսքով, այն ուղղություները, որոնք արդեն կային բարելավվել են, կատարվել են լրացումներ, և համալրման շնորհիվ բոլոր տեխնիկական հարցերը լուծվել են:

«2024 թվականից արդեն կան փոփոխություներ, կենտրոնը համալրվել է նոր տեխնիկայով և բոլոր տեխնիկական խնդիրները, որոնք կային մնացել են անցյալում։ Ավելացրել ենք օտար լեզուների դասընթացներ՝ անգլերեն և վրացերեն, ավելացել է նաև տարբեր մրցույթների մասնակցության հավանականությունը: Հույս ունենք, որ նոր փոփոխություներն ավելի շատ պատանիների մոտ կառաջացնի հետաքրքորություն և դիմողների քանակը կավելանա»,- Jnews-ի հետ զրույցում նշեց Ենոք Ֆիդանյանը, հավելելով, որ բոլոր խմբերի դասերը կկազմակերպվեն այնպես, որ դրանք չհամընկնեն և չխանգարեն դպրոցի դասերին:

«ԱրՄաթ» կենտրոնում գրանցվել ցանկացողները կարող են զանգահարել խմբավարին՝ +995597252494 հեռախոսահամարով, կամ այցելել գրասենյակ երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը՝ 09.00-ից մինչև 18.00-ն ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ «ԱրՄաթ» կենտրոնն Ախալքալաքում բացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից 2018 թվականին, բարերար Ավետիս Բալոյանի միջոցներով: