Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կարող է հայտնվել կուսակցության ընտրական ցուցակում՝ այս տարվա աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Նման սցենարը չի բացառել նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Իվանիշվիլին հայտնվի այդ ցուցակում, կառավարության ղեկավարն ասել է. «Իհարկե, Բիձինա Իվանիշվիլին «Վրացական երազանքի» հիմնադիրն ու նախագահն է: Իհարկե…»:
Դրա հետ մեկտեղ, վարչապետ Գախարիան խոստովանել է, որ իշխող թիմի համար մարտահրավերների առկայության պարագայում, քննարկման ենթակա չէր, թե ով է լինելու կուսակցության ցուցակի առաջին համարը: Նա հավաստիացրել է, որ դա ամենևին էլ կարևոր չէ: Ինչպես նաև այն, թե որ կուսակցությունն առավելագույն ձայներ կհավաքի. «Սա կարող է լինել երկրորդական: Գլխավորն այն է, որ բոլորը` ընդդիմությունը, իշխանությունը, քաղաքացիական հասարակությունը, անցկացնեն օրինակելի ընտրություններ»:
Գախարիան նաև հիշեցրել է, որ նա արդեն համեմատել է կառավարության աշխատանքը երկու ճակատներում պայքարի հետ` համաճարակաբանական և տնտեսական: Այս իրավիճակում ընտրությունների թեման նա իշխանությունների առաջնահերթությունների ցանկում դասել է միայն երրորդ տեղը:
«Ես այս մասին մի քանի անգամ խոսել եմ, և նորից կկրկնեմ: Ես պատրաստ եմ լինել վերջին համարը: Ինձ համար դա նշանակություն չունի: Անկեղծ ասած, իմ գլխավոր խնդիրը, կառավարության գլխավոր խնդիրն առաջին հերթին, յուրաքանչյուր քաղաքացու առողջության հետ կապված ռիսկերի առավելագույն վերահսկումն է: Երկրորդ խնդիրը նույնիսկ ավելի կարևոր է` հետհամավարակային ժամանակահատվածում մեր տնտեսական վերածնունդը, տնտեսության վերականգնումը: Քանի որ մեր համաճարակաբանական ճգնաժամը վերաճել է տնտեսական ճգնաժամի, ապա մեր խնդիրն է, որ յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր քաղաքացի նվազագույն վնաս կրի: Բայց այս երկու ճգնաժամի պայմաններում երրորդ խնդիրն է՝ ընտրությունները հանգիստ և ժողովրդավարական միջավայրում անցկացնել»: