Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսի բարձր տարածում ունեցող երկրներից զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանից։ Այդ մասին հայտարարել է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում։
«Առաջին հերթին երկիր են այցելելու «կանաչ» գոտի ճանաչված երկրների քաղաքացիները: Զբոսաշրջության վարչությունն աշխատում է այս ուղղությամբ: Կստորագրվեն երկկողմանի պայմանագրեր նվազագույն ռիսկ ունեցող երկրների հետ: Մշակվում են նաև որոշակի ընթացակարգեր, որոնք վերաբերելու են նրան, ինչպիսի թեստեր են հանձնելու զբոսաշրջիկները Վրաստան մուտք գործելուց առաջ։ Շատ երկրներ արդեն ներդրել են այդ կանոնները: Օրինակ. մեր այն քաղաքացիները, ովքեր Թուրքիա են մեկնում բուժման, պետք է անցնեն PCR թեստ՝ ոչ շուտ, քան 48 ժամ առաջ նախքան սահմանը հատելը: Նաև Վրաստանում սահմանը հատելուց հետո որոշակի դիտորդություն է իրականացվելու զբոսաշրջիկների նկատմամբ», – ասել է նա:
Նախկինում հաղորդվում էր, որ Վրաստանը կարող է «անվտանգ միջանցք» գործարկել Իսրայելի, Ավստրիայի, Չեխիայի և Ուկրաինայի զբոսաշրջիկների համար:
Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվն աճել է 210-ով՝ կազմելով 9492: Վարակվածների թվում է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները: