Ըստ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի, խորհրդարանում «Ժողովրդավարական ընտրությունները՝ համավարակի համատեքստում» հեռավար նիստի ընթացքում հարցեր են բարձրացվել՝ խորհրդարանական ընտրությունների և կորոնավիրուսի հետ կապված անվտանգության հարցերի շուրջ:
Ըստ նրա, Ընտրական օրենսգրքի բարեփոխման ամենակարևոր մասերից մեկը, որը հաստատվել էր Վրաստանի խորհրդարանի կողմից, COVID-19-ի հետ կապված անվտանգության կանոններն են:
«Այսօր մենք եվրոպացի մեր գործընկերների հետ փոխանակեցինք մեր մտքերն ու փորձը: Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած հնարավորությունները՝ խորհրդարանական ընտրություններն անվտանգ միջավայրում անցկացնելու համար: Դրա համար օրենսդրությունում արդեն մտցվել են փոփոխությունները: Խորհրդարանական ընտրությունները կլինեն ժողովրդավարական և ազատ, միևնույն ժամանակ, համավարակի պայմաններում կլինեն անվտանգ», – ասել է Թալակվաձեն:
Միևնույն ժամանակ, ըստ Թալակվաձեի, ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Վրաստանին սահմանադրական փոփոխությունների և Ընտրական օրենսգրքի ընդունման կապակցությամբ:
«Այն կանոնները, որոնք մենք հաստատել ենք Ընտրական օրենսգրքում, նախատեսում են անվտանգության չափանիշների ներդրումը, որոնց կիրառումն ընտրությունների օրը պարտադիր կդառնա քաղաքացիների համար: Դրանք են՝ դիմակներ կրելը, ախտահանիչ միջոցների օգտագործումը, որը պետք է ապահովի պետությունը, ինչպես նաև հենց ընտրատեղամասում անվտանգության կանոնները:
Մենք նաև որոշում ենք կայացրել, որ կարանտինում գտնվող ընտրողները, ինչպես նաև արտերկրում ապրող մեր հայրենակիցները պետք է մասնակցեն ընտրություններին, քանի որ հոկտեմբերին այս կամ այն երկրներում դեռ կարող է լինել համավարակ, որը կխոչընդոտի ընտրությունների անցկացմանը: Խորհրդարանը քննարկել է բոլոր այս հարցերը, և առողջապահական ծառայությունների և ԿԸՀ-ի հետ համատեղ հոկտեմբերին մենք կապահովենք անվտանգությունը», – ասել է Թալակվաձեն:
Ըստ Վրաստանի խորհրդարանի նախագահի, հատուկ միջոցներ կնախատեսվեն, որպեսզի կարանտինում գտնվող քաղաքացիները գաղտնի և ապահով կարողանան քվեարկեն իրենց նախընտրած կուսակցության օգտին: