Վրաստանի սահմանը Ռուսաստանի հետ փակ է մնում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին՝ մեկնաբանելով սոցիալական ցանցերի օգտատերերի հաղորդագրությունները:
Ըստ Գոմելաուրիի՝ Վրաստան միայն Վրաստանի քաղաքացիներին են թույլատրում մուտք գործել, նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց և Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնց ամուսինը կամ անչափահաս երեխան Վրաստանի քաղաքացի է: Երկիր ժամանող բոլոր մարդիկ անցնում են երկշաբաթյա կարանտին, նշել է նախարարը:
«Բացի այդ, Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ մնացել են Վրաստանում` կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո: Նրանք օրինականորեն գտնվում են երկրում, որի իրավունքն ունեն: Մենք չենք կարող նրանց վտարել», – հայտարարել է Գոմելաուրին:
Ավելի վաղ Վրաստանը երկարաձգել էր միջազգային կանոնավոր ավիաչվերթների արգելքը մինչև հուլիսի 31-ը: