ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հատուկ հայտարարություն է արել՝ կապված Թբիլիսիի զբոսայգու շատրվանում 13-ամյա Մարիտա Մեփարիշվիլիի հոսանքահարումից մահվան հետ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վրաստանի իշխանություններին կոչ է արել «ամեն ինչ անել հասարակական վայրերում երեխաների անվտանգությունն ապահովելու և կյանքի, խաղի, հանգստի և զարգացման երեխաների իրավունքների պաշտպանությանը նպաստելու համար»։
«Որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն, վրացական քաղաքները պետք է հարմարեցվեն երեխաների համար», – ասել է Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հասան Խալիլը:
Թբիլիսիի Վակե կենտրոնական զբոսայգում ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին: Երեք դեռահասներ, խաղալով, գցել են գնդակը շատրվանի մեջ և գնդակը հանելու նպատակով մտել են շատրվանը, որի վերանորոգման բարեհաջող ավարտի մասին նախօրեին հայտնել էին քաղաքապետարանից։ Երեք դեռահասներն էլ հոսանքահարվել են։ 13-ամյա աղջիկը մահացել է, իսկ երկու տղաներին հաջողվել է փրկել:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդգծում է, որ այս ողբերգական դեպքից պետք է «համապատասխան դասեր» քաղել։ Նախ և առաջ, «գոյություն ունեցող հանրային վայրերում անվտանգության միջոցառումները պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն, իսկ նմանօրինակ նոր վայրերը պետք է կառուցվեն՝ երեխաներին համար հարմարեցված քաղաքաշինության սկզբունքներին համապատասխան»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդգծել է, որ Վակեի այգում տեղի ունեցած ողբերգությունը «ուշադրություն է հրավիրում Թբիլիսիի հասարակական վայրերում և Վրաստանի այլ քաղաքներում անվտանգության գործող նորմերին ու չափանիշներին, որտեղ երեխաները կարող են վտանգի տակ լինել»:
«Դա ներառում է բարելավված լուսավորություն, կանաչապատում, տեսանելիություն, բնական ճանապարհով հասանելիություն և հսկողություն, ինչպես նաև այլ գործոններ, որոնք կանխում են հանցավորությունը և խրախուսում են տարածքի հանրային օգտագործումը ու ապահովում անվտանգ երթուղիներ դեպի դպրոց և դպրոցից՝ տուն», – ասվում է հայտարարության մեջ:
Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության գործով ձերբակալվել է ինը մարդ, այդ թվում՝ Թբիլիսիի քաղաքապետարանի Շրջակա միջավայրի պահպանության ծառայության պետի տեղակալը և շատրվանների վերանորոգմամբ զբաղվող «Գրինսերվիս+» ընկերության տնօրեն Լաշա Փուրցխվանիձեն։ Թբիլիսիում ակցիաներ են անցկացվել Թբիլիսիի քաղաքապետին բարոյական պատասխանատվության ենթարկելու և նրա հրաժարականի պահանջներով։
Մի շարք ԶԼՄ-ներ անկախ հետաքննություն են սկսել՝ կասկածներ հայտնելով կապալառու ընկերությունների և կազմակերպությունների իրավասության և բարեխղճության վերաբերյալ, որոնք իրականացրել են ստուգումն ու աշխատանքների ընդունումը: