Հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում բարեկամ Վրաստանի բոլոր հաջողություններին ու ձեռքբերումներին, և հանձին Հայաստանի Հանրապետության՝ Վրաստանն ունի և ունենալու է հավատարիմ ու վստահելի բարեկամ և հարևան պետություն։ Այս մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձում, որը նա հղել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ:

«Հայ և վրացի ժողովուրդների հարաբերությունները դարերի ընթացքում աչքի են ընկել փոխադարձ խորին հարգանքով և բարեկամությամբ, որի լավագույն արտացոլումն են այսօր մեր երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները», – ասվում է ուղերձում։

Փաշինյանը նշել է, որ բարձր է գնահատում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված այս բարդ պայմաններում երկու երկրների կառավարությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հատկապես երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան իրականացումը և Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների՝ իրենց հայրենիք վերադարձի ապահովումը:

«Համոզված եմ, որ միայն համատեղ ուժերով է հնարավոր հաղթահարել ամբողջ մարդկության համար այս ծանր փորձությունը», – ասվում է ուղերձում։