Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան դիմել է Վրաստանի նախագահին՝ ներում շնորհել անազատության մեջ գտնվող «Մթավարի արխի» հեռուստաընկերության նախկին տնօրեն Նիկա Գվարամիային։

«Վրաստանի հանրային պաշտպանն ուսումնասիրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի 2022 թվականի մայիսի 16-ի դատավճիռը, որով Նիկա Գվարամիան մեղավոր է ճանաչվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածի երկրորդ կետով։ Դատավճռի քննության արդյունքում հանրային պաշտպանը գտնում է, որ դատարանի պատճառաբանությունն անհիմն է՝ թե դատապարտման, թե պատժաչափի առումով», — նշված է մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիայի հայտարարության մեջ։

Մայիսի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի կայացրած որոշմամբ` «Մթավարի արխիի» հիմնադիր և գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Գվարամիան մեղավոր է ճանաչվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով, ինչը ենթադրում է լիազորությունների չարաշահում։