«Իմաստ չունի արգելել ուղիղ թռիչքները Մոսկվայի և Թբիլիսիի միջև»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Ուղիղ ավիահաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև դադարեցվել է 2019 թվականի հուլիսի 8-ից, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ: Այս ամենի համար հիմք հանդիսացավ Թբիլիսիում հակակառավարական բողոքի ակցիաների մեկնարկը, որի ժամանակ օգտագործվել է «Ռուսաստանն օկուպանտ է» կարգախոսը, որը գնահատվեց որպես հակառուսական: Մինչև հիմա Ռուսաստանից Վրաստան հասնելու և հակառակ ուղղությամբ հնարավոր է ավտոտրանսպորտով՝ ցամաքային ճանապարհը բաց է, կամ ինքնաթիռով երրորդ երկրի տարածքով:
«Մենք դրական ենք վերաբերում այն բանին, որ այս ամբողջովին իռացիոնալ արգելքը վերացվի և ավիահաղորդակցությունը վերականգնվի… Իրենք՝ ռուս զբոսաշրջիկները գալիս են և հաստատում, որ Վրաստանը նրանց համար զբոսաշրջային անվտանգ երկիր է: Ես տեղեկությոն չունեմ (հնարավոր ավիահաղորդագրությունը վերականգնելու մասին), բայց առողջ տրամաբանությունից ելնելով, ես սպասում եմ, որ նրանք կհասկանան, որ ոչ մի իմաստ չունի արգելքը»,- ասել է Թուրնավան:
Նախարարը նշել է, որ չնայած Ռուսաստանի հետ փակ է օդային ավիահաղորդակցություն, 2019 թվականի վիճակագրությունը ցույց է տվել, որ Վրաստանում զբոսաշրջիկների թիվն աճել է:
«Նույն տարվա տվյալները ցույց տվեցին, որ չնայած ամեն ինչին, Վրաստանում զբոսաշրջիկների թիվն աճում է, այդ թվում՝ ռուս զբոսաշրջիկները գալիս են այլ ճանապարհներով՝ ցամաքային կամ օդային անուղղակի թռիչքներով: Ճիշտ է, նրանց գալը բարդանում է, բայց միևնույն է նրանք գալիս են, իսկ դա նշանակում է, որ այն իրադարձությունների պատճառով, որ արգելվեց, այսինքն անվտանգության հարցն այլևս օրակարգում չէ»,- նշել է Թուրնավան:
Ըստ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի՝ 2019 թվականին Վրաստանում միջազգային ճանապարհորդներից եկամուտները կազմել են 3,3 միլիարդ դոլար, ինչը 47 միլիոն դոլար է, կամ 1,4%-ով ավելի, քան 2018 թվականին:
2019 թվականի ընթացքում միջազգային ճանապարհորդների այցերը հասել են նոր պատմական մակարդակի` 9,3 միլիոն (աճը կազմել է 7,1%):
2019 թվականի 12 ամիսների ընթացքում Ռուսաստանից Վրաստան այցելուների թիվը կազմել է ավելի քան 1,46 միլիոն մարդ, ինչը 4,7 տոկոսով ավելին է նախորդ տարվա համեմատ:
Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Վրաստանը խզեց հարաբերությունները 2008 թվականի օգոստոսի պատերազմից հետո՝ ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի և Ցխխինվալի ինքնիշխանության ճանաչման: