Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 27 տարի, սակայն մարդկանց հիշողությունները թարմ են. Ախալքալաքում հարգեցին 1988 թ.-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը:
«էլ ու՞ր եք գնում, Գյումրին այլևս չկա, – մեզ ասեց լացող տաքսիստներից մեկը», – հիշում է Ջավախքի հայ գրողների միության նախագահ Եգոր Մովսիսյանը:
«Մե՛նք, ախալքալաքցիներս Թալինում Բաքվից գաղթածների համար օգնություն էինք կազմակերպել և մեքենաները կանգնած էին Ախալքալաքի բերդի մոտ, ցնցունմերը զգացինք, բավականին ուժեղ էր, սակայն չպատկերացրեցինք ինչ է եղել։ Օգնությունը մեքենաներով տանում էինք և չհասած Գյումրի հանդիպեցինք տաքսիստների, ովքեր լացում էին», – ասուն է նա:
«Մենք գնացինք և նոր էինք քաղաք մտել երբ մարդկանց մի խումբ լացում էր և անիծում թուրքերին։ Այնուհետև փլատակների տակից ձայն էր լսվում, օգնության էին կանչում, մոտեցանք փլատակների տակից հանեցինք մարդկանց և ընկանք խառնաշփոթի մեջ։ Տեղում անվտանգության մարմինները օգնության շտաբ էին բացել, մեզ էլ առաջարկեցին գաղթականների համար նախատեսված օգնությունը բաժանենք տեղացիներին։ Այդպես էլ արեցինք», – հիշում է Եգոր Մովսիսյանը:
1988 թվական, դեկտեմբերի 7-ի 11:41-ին հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական և Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի և Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Այսօր՝ 2015 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11։00-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, նվիրված զոհվածների հիշատակին։ Եկեղեցու բակում հավաքված մարդիկ միմյանց հետ խոսում և հիշում էին 27 տարի առաջ տեղի ունեցածը։
Երկիրը հայտնվել էր աղետային իրավիճակում և տարբեր երկրներ առաջարկում էին իրենց օգնությունը, սակայն Ջավախքը առաջիններից էր, որ թե՛ ֆիզիկապես և թե՛ սննդամթերքով օգնեց գյումրեցիներին։
Ախալքալաքից և շրջանի գյուղերից կազմվում էին փրկարարական ջոկատներ և գնում էին Գյումրի՝ օգնության։ Խանդո գյուղի գյուղապետ Աշոտ Սահարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Առաջին օրը փլատակների տակից ողջ մնացածների շատ էինք հանում, հետո օրեցօր ավելանում էր դագաղների քանակը»։
Դավիթ Այվազյանը գյուղ Ղադոից չեր ուզում խոսել, միայն ժպտաց և ասաց. «Ջոկատում ոչ ոք չէր խոսում, բայց հիշում եմ ոնց էինք ուրախացել երբ փլատակների տակից 18 տարեկան աղջկա հանեցինք, սակայն մեր ուրախությունը կարճ տևեց, երբ դրան հաջորդեց փլատակների տակից հանած մահացածների մարմինները»։
Խոսել ու ներկայացնել իրենց տեսածը ոչ բոլորն են կարողանում, չխոսելով փորձում են լռեցնել անցյալի ցավը, որը գոռում է անգամ լռության մեջ։
Ջուլիետա Տոնականյան