Ախալքալաքի մշակույթի տանը տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններին իշխող կուսակցության թեկնածուների ներկայացումը։
Հանդիպմանը ներկա էին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդարանի ղեկավար Կախա Կուճավան, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Վրաստանի խորհրդարանի Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի Սակրեբուլոյի գործող ղեկավար Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և Ախալքալաքի այլ պաշտոնատար անձինք:
Միջոցառումը սկսվեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթով:
«Ողջունում եմ Ձեզ, Ախալքալաքի բնակիչներ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներկայության համար: Մենք շարունակում ենք մեր քարոզարշավները և ներկայացնում ենք քաղաքապետի թեկնածու Մելքոն Մակարյանին, եռանդուն, երիտասարդ փորձառու մարդու, ով ծառայում է Ախալքալաք քաղաքին և նրա բնակիչներին: Ես հավատում եմ ձեր աջակցությանը և հավատում եմ, որ Մելքոնը կհաղթի վստահ հաղթանակով և կհաղթի նաև «Վրացական երազանք»-ը: Ես ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել ձեզ՝ մեր կողքին լինելու և մեզ ուղեկցելու համար»,- շնորհակալություն հայտնեց վարչապետը։
Նա շնորհակալություն հայտնեց ախալքալակցիներին աջակցության համար եւ ասաց, որ այս տարիներին շատ բան է արվել եւ շատ բան կա անելու։
Վերջին 8 տարիների ընթացքում մենք հաղթել ենք 7 ընտրություններում, որոնց համար ես նաև շնորհակալ եմ Ձեզ։ Ահա 9-րդ տարին է, և այս ընթացքում մենք շատ բան ենք արել ինչպես երկրում, այնպես էլ Ախալքալաքում` ենթակառուցվածքների, ճանապարհների, ջրամատակարարման, գազաֆիկացման, հիվանդանոցների և ամբուլատորիաների կառուցման, տարբեր գյուղատնտեսական ծրագրերի առումով, օրինակ՝ «Արտադրիր Վրաստանում» և շատ այլ ծրագրեր: Եվ հիմա մենք պատրաստվում ենք անել ավելին: Գործազրկությունը դեռ խնդիր է մեր երկրում, և հենց այդ նպատակով մենք կսկսենք ավելի շատ ծրագրեր իրականացնել: 2 500 000 000 լարի կներդրվի տեղական արտադրության զարգացման մեջ, իսկ այս ողջ ընթացքում գյուղատնտեսության զարգացման համար ներդրվել է 7 000 000 000 (յոթ միլիարդ) լարի: Ախալքալաքում ապրում են աշխատասեր և հավատարիմ մարդիկ, ովքեր իրենց աշխատանքով ստեղծում են իրենց բարեկեցությունը, հայրենիքը: Մեր հայրենիքը եզակի է իր բազմազգությամբ: Մեր հայրենիքի համար ամենակարևոր արժեքը ընտանիքն է, և ես գիտեմ, որ բոլորս՝ և՛ հայերը, և՛ վրացիները, միասին կարող ենք ստեղծել մեր ամուր ընտանիքները և բարեկեցիկ դարձնել մեր մեկ մեծ ընտանիքը, այսինքն՝ Վրաստանը», – ասաց վարչապետը:
Ղարիբավշիլին նշեց ընտրությունների կարևորությունը, ինչպես նաև այն փաստը, որ առաջիկա 3 տարում ընտրություններ չեն լինի, ինչի կապակցությամբ նրանք կաշխատեն միայն հանուն երկրի բարօրության և խոսքը տվեց խորհրդարանի ղեկավարին: Այնուհետեւ ելույթ ունեցավ Սամվել Մանուկյանը:
Նա ողջունեց ներկաներին:
«Հարգելինե՛րս, մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ միմյանց հետ անկեղծ լինելու համար: Առջևում ընտրություններ են, և մենք հնարավորություն ունենք ընտրելու կյանքի ճիշտ ուղին: Մենք ունենք լավ թեկնածու, ինչպես նաև լավ թեկնածուներ գյուղերում: Ժամանակն է եկել աշխատելու: Մենք պետք է մեծ ջանքեր ներդնենք մեր շրջանը զարգացնելու համար: Ամսի 2֊ին մենք ընտրում ենք ոչ թե անհատի, այլ մեր երկրի ապագան։ Ուզում եմ կրկին հիշեցնել, որ հոկտեմբերի 2-ին մենք պետք է քվեարկենք «Վրացական երազանքի» օգտին, քանի որ սա միակ կուսակցությունն է, որը 8 տարի շարունակ եղել է ճիշտ ուղու վրա` ի շահ հասարակության, և մենք այլ ուղի չունենք: Մելքոն Մակարյանը, հավանաբար բոլորդ նրան ճանաչում եք, ամենաճիշտ ու հարմար թեկնածուն է: Ես կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում, որ մենք ունենք Մելքոնի նման թեկնածու: Ամենահետաքրքիրը կլինի այն, որ մենք կունենանք մեծ հաղթանակ: Հոկտեմբերի երկուսին մենք բոլորս կգնանք ընտրատեղամասեր, 3 անգամ կնշենք «41» համարը և կշարունակենք աշխատել»։
Մանուկյանի ելույթից հետո Իրակլի Ղարիբավշիլին հայերեն շնորհակալություն հայտնեց նրան եւ բեմահարթակ հրավիրեց Մելքոն Մակարյանին` միաժամանակ շնորհակալություն հայտնելով ներկայիս քաղաքապետ Յուրիկ Ունանյանին:
«Ես շատ շնորհակալ եմ «Վրացական երազանքին»: Ես շատ էի մտածում, թե ինչ կարող եմ անել իմ հայրենի Ախալքալաքի համար, և սա հիմնական մոտիվացիան էր, երբ 2004 թ.-ին սկսեցի աշխատել Ախալքալաքի Սակրեբուլոյում: Ես 7 տարի է ներգրավված եմ մունիցիպալիտետում իրականացվող ծրագրերում և իմ աչքերով եմ տեսնում Ախալքալաքում ձեռքբերված մեծ առաջընթացը: Այսօր, հաշվի առնելով իմ փորձը, ես լավ հասկանում եմ, թե ինչպես շարունակել սկսված աշխատանքը, որպեսզի մեր մունիցիպալիտետն էլ ավելի զարգանա: Մեր մունիցիպալիտետին անհրաժեշտ են փորձառու, եռանդուն մասնագետներ։ Այս ընտրություններում ես ձեր աջակցության հույսն ունեմ, ես հավատում եմ, որ միասին մենք կհաղթենք, որից հետո ես և իմ թիմը կշարունակենք մեր աշխատանքը: Վստահ եմ, որ կենտրոնական իշխանությունների և բնակչության միջև պատշաճ շփման միջոցով մենք կիրականացնենք այն ծրագրերը, որոնք օգուտ և բարգավաճում կբերեն մեր երկրին», – մեկնաբանեց Մելքոն Մակարյանը՝ հայերենով հավելելով.
«Վրացական երազանքի» կողմից ինձ վստահած քաղաքապետի թեկնածությունը ինձ պարտավորեցնում է հասնել զգալի արդյունքների, որոնց արդյունքում կունենանք ավելի զարգացած քաղաք և գյուղ, իսկ մեր բնակչության համար՝ էլ ավելի բարեկեցիկ ապրելակերպ: Ես կհոգամ մեր երեխաների ապագայի մասին: Հարգելիներս, ես համոզված եմ, որ միասին մենք կհաղթենք»:
Նա նաև ներկայացրեց Ախալքալաքում և գյուղերում իշխող կուսակցության մեծամասնական թեկնածուներին:
Տեղում մոբիլիզացվել էր շտապ օգնության մեքենա, որը գտնվում էր քաղաքապետարանի շենքի դիմաց: Ներկա էին նաև ոստիկանության աշխատակիցները:
Միջոցառման մուտքը խստորեն վերահսկվում էր նախապես տրված հրավերների համաձայն կազմված համապատասխան ցուցակներով: Մուտքի մոտ բոլորի ջերմությունը ստուգվում էր, ձեռքերը սպիրտով ախտահանվում էին, ներսում բոլորը դիմակներ էին կրում, պահպանված էր սոցիալական հեռավորությունը: