Այսօր՝ փետրվարի 20-ին, Ախալքալաքի շրջանային դատարանը փոխեց Կիմ Կուղոյանի խափանման միջոցը, որը մեղադրվում է ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու համար: Նախնական կալանքը մինչև դատարանի վերջնական որոշում կայացնելը փոխարինվեց գրավի դիմաց ազատ արձակմամբ:

Այսօր Ախալքալաքում անցկացվող դատական նիստում Կիմ Կուղոյանի շահերը ներկայացնում էր նոր փաստաբան Կախաբեր Ասպանիձեն: Սկզբում, ամբաստանյալը կտրականապես մերժեց պետության կողմից նշանակված փաստաբանի ծառայությունները: Բացարկի պատճառը Կիմ Կուղոյանն անվանեց պետության կողմից նշանակված փաստաբանի նկատմամբ անվստահությունը: Կուղոյանի փաստաբան Նոդար Ակոբաշվիլին բացակայում էր առանց նախնական ծանուցման, ամբաստանյալը պահանջեց նիստը հետաձգել 10 օրով, սակայն՝ վկայակոչելով Վրաստանի Քրեական դատավարական օրենսգրքի 60-րդ հոդվածը, դատարանը հրաժարվեց բացարկել փաստաբանին՝ նշելով, որ օրենքով նախատեսված պատճառներ չկան, որոնց հիման վրա կարելի է հրաժարվել նրա ծառայություններից:

15 րոպե տևած քննարկումից հետո, երբ փաստաբանը դատավորին խնդրեց զրուցել ամբաստանյալի հետ, Կիմ Կուղոյանը հրաժարվում էր պետության կողմից տրամադրված փաստաբանի ծառայություններից: Դատավարությունը շարունակելուց հետո դատավորը նախազգուշացրեց դատարանի դահլիճում գտնվող ներկաներին, որ եթե ամբաստանյալի կողմնակիցները շարունակեն աղմկել և միջամտել գործընթացին, ապա նա դատական փակ լսում կանցկացնի: Ի վերջո դատավորը դադարեցրեց դատապրոցեսը և Կիմ Կուղոյանի ներկա գտնվող բոլոր կողմնակիցներին, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրեց դուրս գալ դատական նիստերի դահլիճից: Դրանից հետո դատական նիստը շարունակվեց դռնփակ ձևաչափով:

Նիստի ավարտին Կիմ Կուղոյանի փաստաբանը մոտեցավ բակում սպասող ամբաստանյալի կողմնակիցներին և հայտարարեց, որ դատարանը փոխել է իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը և նրան գրավի դիմաց ազատ է արձակել:

«Դատաքննության ընթացքում ես միջնորդություն ներկայացրեցի, որպեսզի մեղադրյալի նկատմամբ, որը գտնվում է իմ պաշտպանության ներքո, դատարանը վերանայի խափանման միջոցը: Դատարանը քննարկեց իմ միջնորդությունը: Իհարկե, մեղադրող կողմը պնդում էր, որ նա պետք է մնա կալանքի տակ, սակայն պաշտպանական կողմը պահանջեց նրան գրավի դիմաց ազատ արձակել, ինչը դատարանը բավարարեց և իմ պաշտպանյալ Կիմ Կուղոյանի խափանման միջոցը փոխեցին՝ սահմանելով 5000 լարի գրավ: Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 2-ին: Եվ այս ժամանակահատվածում, շաբաթը մեկ անգամ, Կուղոյանը պետք է ներկայանա դատարան և ստորագրի փաստաթուղթ, որում ասվում է, որ նա գտնվում է Ախալքալաքում և ոչ մի տեղ չի գնացել: Իմ պաշտպանյալի շահերից է բխում ապացուցել իր անմեղությունը դատարանին», – ասում է Կիմ Կուղոյանի պետության կողմից նշանակված փաստաբան Կախաբեր Ասպանիձեն:

Հիշեցնենք, որ Կիմ Կուղոյանին մեղադրանք է ներկայացվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի (3-րդ և 4-րդ կետեր) համաձայն՝ հրազենի ապօրինի ձեռքբերում, պահում և կրում: Այս հոդվածը նախատեսում է 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկում: Դատական գործն արդեն շարունակվում է մոտ 9 ամիս: