Հայաստանի կառավարությունից yerkir.am-ին հայտնել են, որ արդեն առկա է Պարետատան համապատասխան որոշումը, ըստ որի՝ մինչ հունիսի 15-ը առցանց դիմում ներկայացրած և արտերկրում գտնվող դիմորդները, որոնց թվում նաև՝ ջավախահայ 69 դիմորդ, կարող է առանց 14-օրյա կարանտինային ռեժիմի մուտք գործել ՀՀ և մասնակցել քննություններին:

Հայաստանի գնահատման թեստավորման Կենտրոնը հրապարակել է 2020 թ. միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։

Քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ին՝ Օտար լեզուներ առարկայից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն), հուլիսի 4-ին՝ կստուգվեն դիմորդների գիտելիքները Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա, հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, իսկ հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա առարկաներից։

Jnews-ն օրեր առաջ «Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից» վերտառությամբ նյութ էր հրապարակել, որում նշված էր, որ Ջավախքի դիմորդները դիմում են Հայաստանի համապատասխան գերատեսչություններին՝ խնդրանքով, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել ազգային միասնական քննություններին: Քանի որ, կորոնավարակով պայմանավորված փակ է հայ-վրացական միջպետական սահմանը և չեն կարողանում Հայաստանում մասնակցել ազգային միասնական քննություններին:

Նշենք, որ ջավախքցի դիմորդների բաց նամակին արձագանքել էին նաև՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը և Գ. Վ. Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը: Այս համալսարաններում առցանց (online) ձևաչափով կազմակերպվում են թե՛ դիմումների ընդունումը, թե՛ քննությունների հանձնման գործընթացը:

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից

Ջավախքցի դիմորդը կարող է օնլայն քննություն հանձնել միայն Հայ-Ռուսական համալսարանում