Հունիսի 22-ին, Ախալքալաքի շրջանային դատարանում, պաշտպանող կողմի միջնորդությամբ, որոշվել է հետաձգել Կիմ Կուղոյանի դատավարությունը:
COVID-19-ի հետևանքով ներդրված պայմանների պատճառով, երեկ Կիմ Կուղոյանի գործով դատական նիստին ներկա էին միայն դատավորը, դատախազը և փաստաբանը, լրագրողներին չէր թույլատրվում ներկա գտնվել: Ամբաստանյալ Կուղոյանը նույնպես բացակայում էր դատարանի դահլիճից:
Ըստ ամբաստանյալի, երեկ դատարանը պետք է վճիռ կայացներ այս գործով, սակայն դատաքննության ընթացքում, Կուղոյանի փաստաբանի միջնորդությամբ, դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել հուլիսի սկզբին: Թե ինչ պատճառով է միջնորդությունը ներկայացվել և բավարարվել, հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Կիմ Կուղոյանին մեղադրանք է ներկայացվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի (3-րդ և 4-րդ կետեր) համաձայն՝ հրազենի ապօրինի ձեռքբերում, պահում և կրում: Այս հոդվածը նախատեսում է 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկում: Կիմ Կուղոյանի գործը ուշագրավ է նրանով, որ նա ձերբակալվել էր 2019 թվականի մայիսի 24-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ախալքալաքի կենտրոնում՝ Խաս Բախչա այգու մոտ, Հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցների կողմից:
Կուղոյանը, մինչ այդ աղմկահարույց ձերբակալությունը, ոստիկանությանը մեղադրում էր իր նկատմամբ կողմնակալության մեջ: Ախալքալաքի երիտասարդները, ընկերներն ու հարազատները բազմիցս բողոքի ցույցեր են կազմակերպել Կուղոյանի ձերբակալության պատճառով: Վերջին ցույցը տեղի էր ունեցել դատից առաջ՝ հունիսի 15-ին: Կուղոյանին եկել էր աջակցելու մոտ 300 մարդ: Այս ցույցին Ջավախքից խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը խոստացել էր Կիմ Կուղոյանի թեման հասցնել «Վրացական երազանքին»: