Առաջին դասարանցիների առցանց գրանցման երրորդ կամ համընդհանուր փուլը կմեկնարկի հունիսի 2-ի առավոտյան ժամը 9-ից: Այս մասին ասվում է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությա հաղորդագրությունում:
Գրանցումն իրականացվելու է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում: Գրանցումը պետք է իրականացվի ծնողների կամ երեխայի օրինական ներկայացուցիչների կողմից:
Գրանցումը երրորդ փուլում կտևի փոքր-ինչ ավելի, քան երեք շաբաթը՝ մինչև հունիսի 25-ը: Ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը կտևի հունիսի 2-ից հուլիսի 5-ը: Այն դեպքում, եթե անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին չեն ներկայացվում, գրանցումն ավտոմատ կերպով չեղարկվում է:
Դպրոցներում կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով գործում է նոր կանոն, համաձայն որի՝ ծնողները կարող են էլեկտրոնային եղանակով հայտերն ուղարկել կամ դրանք ներկայացնել դպրոցի ղեկավարությանը, հաստատության վարչության կողմից սահմանված անվտանգության կանոնների համաձայն: Դպրոցը երկու օրվա ընթացքում ծնողներին կհաստատի հայտադիմումի և փաստաթղթերի էլ.փոստով ստացումը:
Գրանցման վերջին՝ IV փուլը, կսկսվի օգոստոսի 20-ին և կտևի մինչև սեպտեմբերի 10-ը: Դպրոցականները, ովքեր առաջին երեք փուլերի ընթացքում չեն կարողացել գրանցվել կամ ցանկանում են փոխել գրանցումը, կկարողանան գրանցվել այս փուլում:
Համաձայն Վրաստանի օրենսդրության՝ առաջին դասարանում կարող են գրանցվել այն երեխաները, որոնք մինչև սեպտեմբերի 15-ը կդառնան 6 տարեկան: Ամեն տարի Վրաստանի հանրային դպրոցներում կա մոտ 60 հազար թափուր տեղ: