Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզի վերանորոգման համար մունիցիպալիտետը տեղական բյուջեից հատկացրել է 179 313.86 լարի։
Տարեսկզբին տեղական բյուջեով 150.000 լարի էր հատկացվել Կաջո, Բարալեթ, Ազմանա, Կուլիկամ, ինչպես նաև քաղաքի թիվ 1, թիվ 2, թիվ 3 մանկապարտեզների տարածքում մանկական խաղային համալիրներ տեղակայելու համար։ Սակայն ավելի ուշ բյուջեում կատարվում է փոփոխություն, ըստ որի, և՛ այս միջոցները, և՛ գումարած 29313,86 լարին, ուղղորդվում են քաղաքի թիվ 3 մանկապարտեզի վերանորոգմանը։
Այս գումարի դիմաց նախատեսվում է վերանորոգել ամբողջ շենքը և տեղադրել ջեռուցման նոր համակարգ, քանի որ հին համակարգը սխալ էր անցկացվել և չի աշխատում։
Թիվ 3 մանկապարտեզը վերջին անգամ վերանորոգվել էր 2019 թվականին, այն ժամանակ հատկացվել էր 74 900 լարի։ Աշխատանքներն իրականացրել էր անհատ ձեռնարկատեր Լեւոն Քերոբյանը։ Վերանորոգվել էր խոհանոցը, մանկապարտեզի ճակատային մասը, փոխվել էին բոլոր էլեկտրական լարերը, վերանորոգվել էին սենյակները և դարպասը։
Մինչ այս, թիվ 3 մանկապարտեզը հիմնանորոգվել էր նաև 2016թ.-ին: Այդ ժամանակ վերանորոգման համար հատկացվել էր 97 900 լարի։ Վերանորոգումից հետո, թիվ 3 մանկապարտեզում նոր խմբակների բացման ժամանակ, պարզ դարձավ, որ Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզի վերանորոգված սենյակներում պլինթուս չկա։ Խաղասենյակից ննջարան տանող դռներն ապակի ու բռնակներ չունեն։ Վերանորոգման աշխատանքներն իրականացրել էր «Ինտեր» շինարարական ընկերությունը։ Jnews-ի հետ զրույցում այդ ժամանակ ընկերության տնօրենը հայտնել էր, որ աշխատանքները կատարել են նախագծին համապատասխան։