Երևանի Թումո կենտրոնից ծրագրավորման մասնագետը երկու շաբաթ Ախալքալաքում ծրագրավորման պրակտիկ դասընթացներ կանցկացնի։ Դասընթացների շրջանակներում երեխաները կսովորեն HTMS CSS և JavaScript ծրագրավորման լեզուների հիմքը։
Ախալքալաքի Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնում դասերը սկսվել են 2022 թվականի փետրվար ամսից: Կենտրոնն այս պահին ունի 271 սան՝ Ախալքալաքից, Նինոծմինդայից և 30-ից ավելի գյուղերից։
«Ինքնուսուցման փուլ է կոչվում մեր կրթական ծրագիրը, որովհետև երեխաները համակարգից ընթերցում են և կատարում վարժանքներ, որոնք մենք ուղարկում ենք Երևանի մասնագետներին, նրանք ստուգում են», — Jnews-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի Թումո կենտրոնի մարզիչ Անի Հարությունյանը։
Դասերի ընթացքում երբ երեխաներն անցնում են երկրորդ փուլ, ընտրում են 6 ոլորտ, որոնցում պիտի հետագայում մասնագիտանան և այս դեպքում նրանք ունեն հնարավորություն մասնակցելու աշխատարաների: Այս պահին աշխատարան է անցկացնում Երևանի Թումո կենտրոնից ծրագրավորման դասընթացավար Գևորգ Մելքոնյանը, ով նմանատիպ դասընթացներ է իրականացնում Հայաստանի տարբեր քաղաքներում:
«Առաջին անգամ եմ այցելում Ջավախք, շատ հետաքրքիր էր այցելել այստեղ, որոշեցի գալ և շփվել տեղի երեխաների հետ, հասկանալ նրանց հետաքրքրությունները և ծրագրավորման ոլորտում գործնական գիտելիքներ տալ նրանց» – Jnews-ի հետ զրույցում ասաց ծրագրավորման դասընթացավար Գևորգ Մելքոնյանը:
Ախալքալաքում ծրագրավորման գործնական դասընթացներ կիրականացվեն մինչև հուլիսի 22-ը: Անի Հարությունյանի խոսքով, այս դասընթացները շատ կարևոր են երեխաների համար, որպեսզի իրենց տեսական գիտելիքները կարողանան օգտագործել պրակտիկայում։
«Այս աշխատարանները երեխաներին շատ մեծ հնարավորություններ են տալիս իրենց ձեռք բերած տեսական գիտելիքները օգտագործելու արդեն փորձնական ձևով, ստեղծելու են կայք, եթե անգամ չունեն տեսական գիտելիք դասընթացի ընթացքում ձեռք են բերում տեսականը և կիրառում պրակտիկայում», – ասում է Ախալքալաքի Թումո կենտրոնի մարզիչ Անի Հարությունյանը։
Հարկ է նշել, որ Ախալքալաքի Թումո կենտրոնում հուլիսի 25-ից մինչև 29-ը կիրականացվեն կայքերի մշակման գործնական դասընթացներ։