Հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ ավարտական քննություններից շրջանավարտները հիմնականում կտրվել են բնագիտական առարկաներից:
Սամվելը դպրոցում գերազանցիկ չի եղել, գրեթե բոլոր քննությունները հաջողությամբ կարողացել է հանձնել, բացի ֆիզիկա առարկայից:
«Բարձր միավորներ չեմ հավաքել, դժվար էր մաթեմատիկան ու ֆիզիկան: Մաթեմատիկան անցա, իսկ ֆիզիկայից կտրվեցի: Շատ բարդ էր ինձ համար, քանի որ լավ չէի սովորում, ստիպված մնաց մյուս տարի վերահանձնեմ: Իսկ ընդհանուր այդքան էլ բարդ չէր, որքան պատկերացնում էի», – ասաց այս տարվա շրջանավարտներից Սամվելը:
Ի Տարբերություն Սամվելի, Անահիտը կարողացել է բոլոր քննությունները հանձնել, այն էլ բարձր միավորներով, սակայն դժվարացել է պատմություն առարկայի ժամանակ:
«Չէի ասի որ շատ բարդ էին քննությունները, որովհետև թեմաները ծանոթ էին: Մի քիչ դժվարություն էր պարունակում պատմության քննությունը, քանի որ այն բաղկացած էր թվերից ու փաստերից, իսկ այսօրվա սերունդը չի փայլում հիշողությամբ, իսկ ինչ վերաբերում է այն կարծրատիպին, որ ամենադժվար առարկան մաթեմատիկան է, իմ կարծիքով սխալ է: Եթե թեմայից գոնե մի քիչ գաղափար ունենաս կկարողանաս «տակից դուրս գալ»», – ասաց Գոհար Հակոբյանը:
Ուսուցիչների խոսքերով, առանձնահատուկ բարդություններ չկան, և եթե աշակերտը գոնե մի քիչ սովորել է դասերի ընթացքում, ապա քննությունները կարող է հանձնել:
«Եթե աշակերտը հաճախում է դասերին, չի բացակայում, դասի ընթացքում լսում է, կկարողանա թեկուզ ցածր միավորներով հանձնել քննությունները: Հիմնականում կտրվում են բացարձակ չսովորող և դասերից բացակայող երեխաները»,- ասաց մանկավարժներից մեկը:
«Ինձ համար բարդ էր, վախենում էի մաթեմատիկայի և վրացերենի քննություններից, բայց իմ նախնական պատկերացումները վերացան, երբ մտա քննության», – ասաց Ալիկ Կուրղինյանը, ով հանձնել է քննությունները բոլոր առարկաներից:
Իսկ ահա Նարինեն հենց սկզբից վախեցել է մաթեմատիկայի քննությունից և չի կարողացել հաղթահարել մինիմում շեմը:
«Հենց սկզբից էլ մաթեմատիկայից էի վախենում և իզուր չէր, կտրվեցի, հավաքեցի 5,48 միավոր, եթե մի հարցի էլ կարողանայի պատասխանել կանցնեի», – պատմեց Նարինեն:
Մայիսի 21-ից 25-ը Վրաստանում շուրջ 40 հազար շրջանավարտներ հանձնում էին ավարտական քննություններ վրացերեն լեզվից, գրականությունից, աշխարհագրությունից, օտար լեզվից, կենսաբանությունից, պատմությունից, ֆիզիկայից, մաթեմատիկայից և քիմիայից:
Վրաստանում ավարտական քննություններն անցկացվում են համակարգչային թեստավորման մեթոդով (CAT-ի տեսքով): Յուրաքանչյուր առարկայի մինիմալ անցողիկ շեմը 5,5 միավորն է: Իսկ ավարտական քննություններին հետևում են մինիմում 2 դիտորդ քննությունների և գնահատականների Ազգային կենտրոնից:
Նշենք, որ այս տարի դպրոցական ավարտական քննությունները Վրաստանում չեն կարողացել հանձնել 11 000 աշակերտ:
«Ավելի շատ դժվարանում են բնական գիտությունների առարկաներից: Ժամանակ առ ժամանակ խոսվում է, որ քննությունները չեն համընկնում դպրոցական ծրագրին, ինչն այդպես չէ: Շատ դեպքերում ենթադրվում է, որ միգուցե աշակերտը նման օրինակ չի լուծել: Համակարգիչներով անցկացվող քննությունները ենթադրում են, որ գործընթացը ստանդարտ խնդիրներով չի ընթանում, այլ ստուգում ենք, թե ինչքանով կկարողանան կիրառել ստացած գիտելիքները», – հայտարարել է Վրաստանի Կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան:
Աղունիկ Այվազյան