Նինոծմինդայի շրջանում ավարտվել են ինչպես գյուղեր տանող ճանապարհների, այնպես էլ քաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Ասֆալտապատման բոլոր աշխատանքները իրականացվել են շինարարական «ՋավախԱվտոԳզա» ընկերության կողմից:

Նինոծմինդա քաղաքի Վրացական փողոցում, որը տանում է դեպի Հեշտիա գյուղ, այս տարվա ընթացքում ասֆալտապատվել է 950 մետր ճանապարհահատված: Ասֆալտապատվել է փողոցի մի մասը` մինչև կամուրջի վերջը, նոր երկաթգծի ճանապարհով, նախագիծը ֆինանսավորել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը: Նախագծի արժեքը կազմում է 488 000 լարի:

Սաթխա գյուղում անցկացվել է 1328 մետր ճանապարհի ասֆալտապատում, այս աշխատանքները նույնպես ֆինանսավորել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը: Նախագծի արժեքը կազմում է 480 000 լարի:

Գանձա գյուղում անցկացվել է 1308 մետր ճանապարհի ասֆալտապատում, որի գումարը կազմում է 520 000 լարի: Այս տեղամասը նույնպես ֆինանսավորվել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից: Ասֆալտապատվել է նաև դեպի Վահան Տերյանի տուն թանգարանը տանող 140 մետր ճանապարհ, սրա համար ծախսվել է 70 000 լարի, այս ճանապարհահատվածը ֆինանսավորվել է տեղական բյուջեից: Տեղական բյուջեից է հատկացվել նաև 50 000 լարի` Նինոծմինդա քաղաքի Դավիթ Շինարարի փողոցի մայթերի բարեկարգման համար:

Ասֆալտապատվել է նաև Պուշկինի փողոցի դեպի գերեզմանատուն տանող հատվածը, դրա համար պետական բյուջեից դեռ նախորդ տարի հատկացվել էր 130 000 լարի: Բոլոր աշխատանքները ավարտվել են, ու ճանապարհները հանձնվել են շահագործման:

Բորիս Ղարսլյան