Թմրահանցագործության մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի նախկին գլխավոր դատախազի՝ Օթար Փարցխալաձեի եղբայրը: Հանրային հեռուստատեսությանը փաստը հաստատել են ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Ըստ տարածված տեղեկատվության, Թորնիկե Փարցխալաձեին ձերբակալելիս ոստիկանությունը հայտնաբերել է սուբոքսինի 1 դեղահատ: Միևնույն ժամանակ, ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաալիքը պնդում է, որ խոսքը մեծ քանակությամբ թմրամիջոցների առգրավման մասին է:
Հետաքննությունը սկսվել է «Թմրամիջոցների, դրանց անալոգների կամ պրեկուրսորների ապօրինի արտադրություն, պատրաստում, ձեռքբերում, պահեստավորում, տեղափոխում կամ փոխադրում» հոդվածով: Սույն հանցագործությունը պատժվում է մինչև վեց տարի ժամկետով ազատազրկմամբ:
Ըստ «Մթավարի արխի» հեռուստաալիքի՝ Թորնիկե Փարցխալաձեն ներկայումս գտնվում է նախնական կալանավայրում: Ենթադրվում է, որ դատախազությունը որպես խափանման միջոց գրավ ընտրելու միջնորդություն է ներկայացրել:
Օթար Փարցխալաձեն ռեկորդային կարճ ժամկետով էր զբաղեցրել Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնը` ընդամենը 40 օր: 2013-ի դեկտեմբերին նա ստիպված եղավ հրաժարական տալ այն բանից հետո, երբ ընդդիմությունը հրապարակեց իր կենսագրության սկանդալային մանրամասները՝ երիտասարդ տարիներին Փարցխալաձեն դատապարտվել էր Գերմանիայում խանութում գողության համար: Որոշ տեղեկությունների համաձայն, Փարցխալաձեին դատապարտել էին, այդ թվում՝ կոշիկներ գողանալու համար:
Փարցխալաձեին ուղղված ևս մեկ աղմկոտ մեղադրանք է հանդիսանում գլխավոր աուդիտոր Լաշա Թորդիայի վրա հարձակումը 2017 թվականի մայիսին, գիշերային ակումբի մոտակայքում:
Քննիչ-լրագրողները պնդում են, որ Փարցխալաձեն կանգնած է լայնածավալ ապօրինի հարկային սխեմայի հետևում, որի միջոցով պետբյուջեից գողացվել է առնվազն 30 միլիոն դոլար: Այլ սկանդալները, որոնցում նախկինում շոշափվում էր նախկին դատախազի անունը, վերաբերում են ռեկետին և դրամաշորթմանը: