Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում զեկուցել է իր կառավարության աշխատանքի մասին: Կառավարության ղեկավարը տարեկան զեկույցով հանդես է եկել պատգամավորների առջև: Նա շատ է խոսել երկրի ձեռքբերումների և ներուժի մասին, սակայն քիչ՝ խնդիրների և չլուծված հարցերի մասին: SOVA-ն առանձնացրել է Ղարիբաշվիլիի զեկույցի առանցքային թեզիսները:
«Վերջին տարին առանձնահատուկ մարտահրավերների ու դժվարությունների տարի էր ինչպես մեր երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: Իհարկե, ցավալի է, որ գլոբալ համավարակն այսքան կյանք խլեց: Թեպետ բացի մարդասիրական ճգնաժամից, համավարակն առաջացրեց նաև աննախադեպ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը լրջորեն ազդեց մեր յուրաքանչյուր համաքաղաքացու բարեկեցության վրա: Մեր հասարակության վերջին ամիսների ամենասուր իրական խնդիրը դարձել է արհեստականորեն ստեղծված այսպես կոչված քաղաքական ճգնաժամը: Հենց այս դժվարին պայմաններում 30 ամիս առաջ ես ստանձնեցի այս պատասխանատու պաշտոնը»:
«Համավարակի պատճառով անցյալ տարի մեր տնտեսությունը կրճատվեց 6,2%-ով: Այնուամենայնիվ, մենք մեկ րոպեով չկանգնեցրեցինք ենթակառուցվածքային նախագծերը, գյուղատնտեսական աշխատանքները, արդյունաբերության կարևոր ճյուղերը: Պետությունն առավելագույն օգնություն ցուցաբերեց ձեռնարկատերերին և ինքնազբաղված անձանց՝ անմիջական աջակցության կամ արտոնությունների տեսքով»:
«Մենք աշխատում ենք պատասխանատվության ենթարկել մեր ապօրինի կալանավորված քաղաքացիների, այդ թվում՝ Զազա Գախելաձեի և Իրակլի Բեբուայի կյանքի հանդեպ ոտնձգության համար պատասխանատուներին: Միջազգային մակարդակում օկուպացիայի դեմ աջակցությունն ու չճանաչման քաղաքականությունը գնալով ավելի են ամրապնդվում: Մեր ջանքերի վառ հաստատումը Ստրասբուրգի դատարանի որոշումն է` «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II)» գործով: Ռուսաստանի վրա պատասխանատվություն է դրվել էթնիկ վրացի բնակչության նկատմամբ մարդու իրավունքների զանգվածային խախտումների համար»:
«Օկուպացված շրջանների բնակիչները մեր քաղաքացիներն են, և մենք պարտավոր ենք նրանց մասին հոգ տանել: Համավարակի ընթացքում, մեր գործընկերների հետ միասին, նրանց օգնել ենք տարբեր ուղղություններով, տրամադրել ենք բժշկական սարքավորումներ, դեղամիջոցներ, մոտ 4 միլիոն լարիի (մոտ 1.3 միլիոն դոլար) պատվաստանյութեր: Մենք բուժել ենք մինչև 1500 մարդու»:
«Լեռնային Ղարաբաղի պատերազմը զգալի դժվարություններ է ստեղծել ամբողջ տարածաշրջանի համար: Բնականաբար, մեր երկիրը հարևանների միջև խաղաղության և կայունության կարիք ունի: Մենք վարում ենք հավասարակշռված և միևնույն ժամանակ փոխշահավետ համագործակցության քաղաքականություն: Մեր քաղաքականության ամենակարևոր հաջողությունը վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրն էր, որը ես ստորագրել եմ Միացյալ Նահանգների աջակցությամբ: Սա իսկապես աննախադեպ իրադարձություն է, որն ընդգծում է մեր առանձնահատուկ դերը տարածաշրջանում՝ խաղաղություն հաստատելու գործում: Ես մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների ղեկավարներին՝ նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին: Եվ ես հայտարարում եմ, որ պատրաստ եմ շարունակել այս գործընթացը` ընդհանուր խաղաղության և կայունության հասնելու համար»:
«Մեր հիմնական նպատակը Վրաստանի լիարժեք ինտեգրումն է Եվրամիությանը և Եվրաատլանտյան տիրույթին: 2024-ին մենք պաշտոնապես կդիմենք ԵՄ-ին անդամակցելու համար: ԵՄ-ի հետ համագործակցությունը խորանում է ինչպես բարձրագույն քաղաքական, այնպես էլ ինստիտուցիոնալ մակարդակներում: Երկրի գլխավոր ռազմավարական դաշնակցի՝ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները նույնպես գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա»:
«Մոտ ապագայում, Դելտա կենտրոնի բազայի հիման վրա, մենք իսրայելական ընկերության հետ միասին կսկսենք ամերիկյան M4 հրաձիգներ արտադրել: Հաջորդ տարվանից, միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, մենք նախատեսում ենք արտադրել ցամաքային անօդաչու թռչող սարքեր»:
«Transparency International» կազմակերպության կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս կոռուպցիայի դեմ մեր պայքարի արդյունավետությունը: Կոռուպցիայի ընկալման ինդեքսի համաձայն, մեր երկիրը պահպանում է առաջատար դիրքը և այս տարի մեր երկիրը կրկին տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում: Գլոբալ առումով մենք 180 երկրների շարքում զբաղեցնում ենք 45-րդ տեղը՝ առաջ անցնելով ԵՄ ինը երկրներից»:
«Այսօր Վրաստանում գործազուրկ է ավելի քան 300 հազար մարդ, ինչը աշխատունակ բնակչության գրեթե 22%-ն է: Մայիսի դրությամբ 153 հազար ընտանիք ստանում է կենսապահովման նպաստ, որը կազմում է մեր համաքաղաքացիների մոտ 550 հազարը, այդ թվում՝ 180 հազար երեխաներ: Միայն այս թվերը մեզ համոզում են նրանում, որ պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկենք զարգացման ուղղությամբ»:
«Մեր խնդիրն է Վրաստանը ներկայացնել աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա՝ որպես բոլոր զբոսաշրջանների, բարձրորակ ծառայությունների, բազմազան և անկրկնելի տպավորությունների երկիր: Բոլոր մունիցիպալիտետներում գործող կենտրոններին նոր տուրիստական կենտրոններ կավելանան: Մեր մարտահրավերը պետք է լինի զբոսաշրջիկների թիվն առաջիկա տարիներին 13 միլիոնի հասցնելը: Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին տուրիզմի եկամուտները կկազմեն 6,5 միլիարդ դոլար»:
«Մեր գերխնդիրը պետք է լինի առաջիկա տասը տարում մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ն ավելացնել մինչև 10 հազար դոլար: Ըստ մեր նվազագույն ծրագրի՝ գործազրկության մակարդակը պետք է կազմի 9%»: