Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդ գյուղի բնակչի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել: Արդեն երրորդ մարդն է, որ Ախալքալաքի շրջանում կորոնավարակի թեստ է հանձնում: Բոլոր երեքի դեպքում էլ թեստը բացասական արդյունք է ցույց տվել, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսային հիվանդություն չի հաստատվել:
Երկու օր առաջ Օլավերդ գյուղի մի բնակչի տենդով տեղափոխել էին Ախալցիխեի հիվանդանոց` կորոնավիրուսային հիվանդության զննում իրականացնելու նպատակով: Ախալցիխեում պացիենտը թեստ էր հանձնել, որը բացասական է եկել:
Ըստ Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանի, հիվանդը բարձր ջերմություն է ունեցել, բայց նրա մոտ չեն նկատվել կորոնավիրուսի ախտանշաններ:
«Նրա վիճակը բավարար է, նա չունի կորոնավիրուսային հիվանդություն», – ասում է Ավետիք Տոնականյանը:
Եթե նախկինում հիվանդներին Ախալքալաքից կորոնավիրուսի առկայությունը պարզելու նպատակով ուղարկում էին միայն այն դեպքում, եթե տեղի բժիշկները նախնական զննումից հետո կասկածում էին կորոնավիրուս, ապա այժմ, ըստ Ավետիք Տոնականյանի, բոլոր այն քաղաքացիները, ովքեր զանգահարում են Շտապօգնության ծառայություն և նրանք ջերմում են, ապա ստուգման նպատակով տեղափոխվում են Ախալցիխեի հիվանդանոց:
«Հիվանդին կտեղափոխեն Ախալցիխե, որտեղ նա կհանձնի կորոնավիրուսի թեստ», – ասում է Ավետիք Տոնականյանը:
Ախալքալաքի շրջանում մինչ օրս նոր կորոնավարակի ոչ մի դեպք չի հաստատվել, սակայն արդեն երրորդ մարդն է թեստավորում անցնում, համոզվելու համար, որ կորոնավիրուսային հիվանդություն չունի։ Մի քանի օր առաջ Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղից երիտասարդը կորոնավարակի կասկածով դիմել է Ախալքալաքի հոսպիտալ, սակայն նրա մոտ ոչ թե կորոնավարակ, այլ թոքաբորբ է եղել։ Մարտի 27-ին Խոսպիո գյուղի մի բնակիչ դիմել էր հիվանդանոց, նրան տեղափոխել էին Թբիլիսիի հիվանդանոց, որտեղ ստուգումից հետո հաստատվել էր բացասական արդյունք:
Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակն ավելացել է վեցով: Այս պահի դրությամբ գրանցված է 431 հաստատված դեպք, որից 114-ն արդեն առողջացել են, հինգը՝ մահացել:
Կարանտինում գտնվում է 5888 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 571: