Տաշվանկա (վրաց.՝ Ամիրանիս գորա) բլրի ստորոտին, գետի մոտակայքում, հանգստյան գոտու առաջին տաղավարի մոտ գտնվող տարածքը շարունակում է ճահճանալ։ Հուլիսի 3-ին, դեպքի վայր էին ժամանել Ազգային անտառային գործակալության աշխատակիցները, սակայն մեր հարցերին կոնկրետ պատասխաններ չտրվեց։

Եթե նախկինում այս տարածքով հնարավոր էր քայլել մինչև Թափարվան գետի ափերը, ապա այժմ այս ամբողջ գոտին վերածվել է ճահճի։ Ախալքալաքի բնակիչները հայտնում են, որ այս տարի այդ տարածքում միջատների թիվը մեծապես ավելացել է, ինչը, նրանց կարծիքով, կարող է պայմանավորված լինել ճահճի գոյացմամբ։

Jnews-ը կապ է հաստատել Ախալքալաքի քաղաքապետարանի Էկոլոգիայի բաժնի բնապահպանության վարչության հետ՝ պարզելու, թե՞ արդյոք նախատեսվում է քայլեր ձեռնարկել այս խնդրի առնչությամբ, ինչին վարչության պետ Ռամազ Խուցիշվիլին պատասխանեց, որ տարածքը գտնվում է Ազգային անտառային գործակալության Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի իրավասության տակ: Գործակալությունից Jnews-ին հայտնեցին, որ կգան և տեղում կծանոթանան խնդրին։

Հուլիսի 3-ին, գործակալության ներկայացուցիչներն այցելել են տարածք և պարզել, որ այն իրենց պատասխանատվության գոտում չէ: Պարզվեց, որ այս տարածքը գրանցված չէ ո՛չ քաղաքապետարանի, ո՛չ պետության, ո՛չ Անտառային գործակալության հաշվեկշռում։

Ախալքալաքի քաղաքապետարանից Jnews-ին հայտնել են, որ այս տարածքում ինչ-որ բան անելու համար նախ այն պետք է փոխանցվի մունիցիպալիտետի հաշվեկշռին։ Ռամազ Խուցիշվիլին հավելել է, որ անհրաժեշտ են փորձագետներ՝ պարզելու համար, թե արդյոք հնարավոր է լցնել ճահիճը։

«Սա բնություն է, մենք չենք կարող ուղղակի միջամտել, հիմա ճահիճներն էլ են պաշտպանվում, միայն փորձագետը կարող է ասել՝ այնտեղ ինչ-որ բան կարելի է անել»,- ասաց նա։

Նշենք, որ, ինչպես ցույց է տվել քարտեզը, ճահճում կան դրենաժային գծեր, որոնք կարող էին խցանվել, ինչպես կարծում են քաղաքապետարանում։