Վրաստանի դատախազությունը Ախալքալաքում մեղադրանք է առաջադրել մեկ անձի՝ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձ կատարելու, սեռական հարաբերություն հաստատելու հարկադրանքի, պայթուցիկ սարք ապօրինի ձեռքբերելու, պահելու և կրելու համար։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։
«ՆԳՆ-ի կողմից անցկացված քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը փորձել է սեռական հարաբերություն հաստատել տուժող Ինգա Մաիսուրաձեի հետ՝ սպառնալով տարածել սկանդալային տեղեկություն։
Տուժողից մի քանի անգամ մերժում ստանալուց հետո՝ մեղադրյալը դեկտեմբերի 13-ին ալկոհոլային խմիչքներով և քաղցրավենիքով պոլիէթիլենային տոպրակի մեջ թողել է գործունակ վիճակի հասցված պայթուցիկ սարք։ Պայթուցիկ սարքը գործի է դրվել, երբ տուժողը բացել է պոլիէթիլենային տոպրակը, ինչի հետևանքով բնակարանը վնասվել է»,- ասվում է Դատախազության հաղորդագրությունում։
Ըստ Jnews-ի ունեցած տեղեկությունների՝ մեղադրյալը կապ է ունեցել տուժողի հետ։
Դատախազությունը ձերբակալվածին մեղադրանք է առաջադրել Վրաստանի ՔՕ 19-109-րդ հոդվածի «բ» և «թ» կետերով (սպանության փորձ ծանր հանգամանքներում), 139-րդ հոդվածի 1-ին մասով (սեռական հարաբերության հարկադրանք) և 236-րդ հոդվածի երրորդ ու չորրորդ մասերով (պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, պահպանում և կրում), որը նախատեսում է ազատազրկում՝ 16-ից 20 տարի ժամկետով։
Դատախազությունն արդեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը երկարացնելու մասին։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։