Այսօր՝ հունիսի 21-ին, Ախալքալաքի Սակրեբուլոյում տեղի ունեցավ հանդիպում մունիցիպալ աշխատողների համար՝ նվիրված ՆԱՏՕ-ին և Վրաստանի եվրաինտեգրմանը։
Հանդիպումը նախաձեռնել էր ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի Սամցխե-Ջավախքի մասնաճյուղը՝ «Վրաստանի շրջաններում իրազեկման և ներգրավվածության բարձրացում՝ արևմտյան ինտեգրման գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Կենտրոնի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հետ համատեղ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ։
«ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները և գոյություն ունեցող համագործակցության կարևորությունը» թեմայով հանդիպմանը հրավիրված էին քաղաքապետարանի և Ախալքալաքի Սակրեբուլոյի աշխատակիցներ։
Ինչպես պարզաբանում է հանդիպմանը հրավիրված բանախոս, Աշխարհաքաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի նախագահ Նատո Բաճիաշվիլին, այս կատեգորիան որպես լսարան պատահական չի ընտրվել։
«Մեր այսօրվա հանդիպման նպատակն է մունիցիպալ աշխատակիցներին ներկայացնել, թե ի՞նչ է ՆԱՏՕ-ն, Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը, և ընդհանրապես, Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրումը: Այս հանդիպումը կառավարական և ոչ կառավարական հատվածների համագործակցության արդյունք է։ Ես ակնկալում եմ արգասաբեր քննարկում, որպեսզի մարդիկ կարողանան հղել իրենց հուզող հարցերը, իսկ մենք նրանց պատասխաններ տանք: Մունիցիպալ աշխատողներն ավելի շատ տեղեկություններ ունեն իրենց բնակչության մասին, գիտեն, թե ի՞նչն է իրենց անհանգստացնում, և կկարողանան ավելի ճշգրիտ փոխանցել տեղեկատվությունը նրանց»,- մեկնաբանեց փորձագետը։
Ինչպես նշում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի ներկայացուցիչ Թեոնա Զուրաբաշվիլին, ծրագրի շրջանակներում ամեն ամիս անցկացվում է 2 հանդիպում Ախալքալաքում և 4 հանդիպում մունիցիպալիտետի գյուղերում՝ բնակչության տարբեր շերտերի հետ՝ երիտասարդներ, պետական աշխատակիցներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ֆերմերներ և այլն:
«Մենք պայքարում ենք քարոզչության դեմ, քարոզչությանը հակադարձում ենք ճշմարտացի տեղեկություններով, որպեսզի Վրաստանը հետ չնահանջի իր եվրաինտեգրման գործընթացում, որպեսզի մարդիկ ստանան ստույգ տեղեկատվություն, հասկանան, թե ինչո՞ւ է Վրաստանը գնում այս ճանապարհով և ընդհանրապես ի՞նչ է տալիս դա մեզ։ Շատ կարևոր է, որ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները ունենան ճիշտ տեղեկատվություն և այն հետագայում տարածեն բնակչության շրջանում»,- նշում է նա։