Կորոնավիրուսի համավարակի ֆոնին երկրում կտրուկ նվազել է արյան դոնորների քանակը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ քրոնիկ հիվանդությունների կառավարման վրա, որոնք պահանջում են կանոնավոր արյան փոխներարկում: Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է արյան հանձնման ակցիա, և բոլորին ով կարող է, կոչ անում միանալ դրան: «Վրացական երազանք» կուսակցությունն այսօր Ախալքալաքում և Նինոծմինդայում կազմակերպել էր արյան հանձնում:
Այսօր՝ ապրիլի 23-ին, Թբիլիսիի լաբորատորիաներից մեկի աշխատողները եկել են Ախալքալաք և Նինոծմինդա, արյուն վերցնելու նրանցից, ովքեր ցանկանում են դոնոր դառնալ այն հիվանդների համար, որոնք փոխներարկման կարիք ունեն: Ախալքալաքում և Նինոծմինդայում այս միջոցառումը կազմակերպվել է «Վրացական երազանքի» շտաբի կողմից, տեղական իշխանությունների հետ համատեղ:
«Այս ակցիայի մասին մեզ ասել էին երկու օր առաջ, և մենք տեղեկացրինք մեր բոլոր ընկերներին և մտերիմներին: Ոչ միայն մունիցիպալ կազմակերպությունների աշխատակիցներն են եկել արյուն հանձնելու, այլև ձեռնարկատերերն ու այլ կազմակերպությունների աշխատակիցները, ովքեր իմացել են այս մասին և եկել են օգնելու: Մենք սպասում ենք 30 հոգու», – ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:
Առավոտյան արյան հանձնման գործընթացը տեղի է ունեցել Նինոծմինդայում, իսկ կեսօրին սկսվեց Ախալքալաքում՝ «Վրացական երազանքի» շտաբում:
18-ից 60 տարեկան ցանկացած առողջ մարդ կարող է դոնոր դառնալ: Արյուն չեն կարող հանձնել վարակիչ հիվանդություն ունեցող մարդիկ, մասնավորապես՝ ՄԻԱՎ / ՁԻԱՀ, սիֆիլիս, վիրուսային հեպատիտ, բրուցելոզ, մակաբուծային հիվանդություններ և արյան հիվանդություններ ունեցող անձինք: Արյուն հանձնել ցանկացողներին ստուգում են արյան ճնշումը ու արյունը վերցնում են անալիզի համար, դոնորը լրացնում է հարցաթերթիկ, ստորագրում, և դրանից հետո, եթե ամեն ինչ նորմալ է, նրան թույլատրվում է արյուն հանձնել:
Արյունը վերցնում են 250 մգ-ից մինչև 420 մգ, սա ուրաքանչյուր անձի համար որոշվում է անհատական՝ կախված մարդու քաշից և այլ տվյալներից:
Նրանք, ովքեր եկել են արյուն հանձնելու, ասում են, որ ցանկանում են արյուն հանձնել, որպեսզի օգնեն փրկել ինչ-որ մեկի կյանքը: Դոնորներին արյունը հանձնելուց հետո հյուրասիրում են շոկոլադ և բնական հյութ:
Վրաստանում տարեկան մոտ 20 հազար մարդ արյան փոխներարկման կարիք ունի: Միևնույն ժամանակ, տարեկան գրանցվում է մոտ հարյուր հազար արյան դոնացիա:
2011 թվականից ի վեր երկրում իրականացվում է «Ապահով արյուն» պետական ծրագիրը: Այսօրվա դրությամբ, հանրապետության ողջ մասշտաբով այս ծրագրին մասնակցում են 13 արյան բանկ: