Վրաստանի առաջատար մանկավարժներն ու մենտորներն արդեն ստանում են 700-1000 լարի հավելավճար իրենց աշխատավարձերին, սակայն Ախալքալաքում չկան մենտորներ ու առաջատարներ: Տեղի մանկավարժները դեռ միայն ձգտում են «ավագ մանկավարժի» կոչմանը: Ինչպիսին է մանկավարժների ձգտումը և ինչպիսի դժվարություններ կան մասնագիտական զարգացման ճանապարհին:

Ավագ մանկավարժը ամենացածր կոչումն է մանկավարժական աստիճանակարգում: Ավագից հետո գալիս է առաջատար մանկավարժը, իսկ հետո` մենտորը:

Ախալքալաքի շրջանում չկան առաջատար մանկավարժներ ու մենտորներ: Սակայն շրջանում արդեն կա 40 ավագ մանկավարժ: Մենտորները ամբողջ Վրաստանում մի քանիսն են: Եթե մարդը ստացել է մենտորի կարգավիճակ, դա մնում է ընդմիշտ, իսկ մյուս կարգավիճակները հնարավոր է կորցնել, ուստի անհրաժեշտ է պահպանել:

Ախալքալաքի շրջանի մանկավարժների մեծամասնությունն այժմ ձգտում է «ավագ մանկավարժի» կոչմանը: Մասնագիտական զարգացման գործընթացն անցնում է մի քանի փուլերով: Նախ պետք է հաշվառվել և քննություն հանձնել մասնագիտական պատրաստվածությունից` ելնելով առարկայից: Այդ քննությունը կարելի է հանձնել մայրենի լեզվով: Այդ քննությունն անցնելուց հետո մանկավարժին հաշվառվում են կրեդիտներ, առավելագույնը՝ 10 կրեդիտ: Մնացած 19 կրեդիտը պետք է «աշխատել» տարբեր ակտիվություններով /թրեյնինգ-վարժանքներ, բաց դասեր և այլն/ ու քննություն մեթոդիկայից, որը պետք է հանձնել վրացերեն լեզվով:

Սաթենիկ Կարապետյանը 38 տարվա ռուսաց լեզվի և գրականության մանկավարժ է: Նա աշխատում է Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղի դպրոցում: Երեք տարի առաջ մասնագիտական քննությունից հավաքել է առավելագույն կրեդիտներ:

«Այժմ պետք է հանձնեմ վրացերեն լեզվով մեթոդաբանություն, ակտիվություն ցուց տամ վարժանքների, բաց դասերի տեսքով և հավաքեմ 19 կրեդիտ: Բայց մեթոդիկան, որը պետք է հանձնել վրացերենով երևի չկարողանամ, թեև վրացերեն գիտեմ, սովորել եմ Ժվանիայի անվան դպրոցում, «Ա» կատեգորիայում: Խոսակցական վրացերենը մի բան է, այլ բան է մեթոդիական վրացերենով բացատրելը», – ասում է Սաթենիկ Կարապետյանը:

Նրա խոսքերով, իր հետ միասին, իրենց դպրոցից, առարկայական քննությանը մասնակցել են հինգ մանկավարժ, բայց անցել է միայն ինքը:

Մայա Գելաշվիլին 2009 թվականից վրացերեն է դասավանդում Արագվա գյուղում: Նա «Վրացերենը` որպես երկրորդ լեզու» ծրագրի շրջանակներում է եկել Արագվա գյուղ:

Մայա Գելաշվիլին ավագ մանկավարժի կոչումը ստանալու գործընթացի մեջ է: Նա 2015 թվականին ստացել է 10 կրեդիտ մասնագիտական ունակություններից, իսկ այժմ հավաքում է մնացած կրեդիտները:

«Անցկացնում եմ բաց, ինտեգրված դասաժամեր: Մեր դպրոցի մանկավաժները հետևեցին ինձ ու սկսեցին մասնակցել քննությունների: Նրանք էլ են ցանկանում ստանալ ավելին, բայց իմ պատասխանատվությունը մեծ է, ես այլ կերպ եմ դասավանդում, որպեսզի արդարացնեմ: Մեր դպրոցի մանկավարժները գալիս են իմ դասերին, նայում են, թե ինչպես եմ դասավանդում, նրանք հավանում են դասավանդման իմ ոճը, ես իմ դասերը պլանավորում եմ այլ կերպ»,- ասում է Մայա Գելաշվիլին:

Մանկավարժը, ով չցանկացավ նշել իր անունը, դասավանդում է մաթեմատիկա: Նա 22 տարվա մանկավարժական ստաժ ունի:
«Մենք բոլորս նույն գործն ենք անում, ցանկալի է, որ մեր աշխատավարձերն էլ ավելացնեն: Ես մասնակցել եմ առարկայական քննությանը և հավաքել եմ 7 կրեդիտ: 19 կրեդիտ էլ պիտի ստանամ բաց դասրով ու վարժանքներով: Մեր դպրոցից 6-7 մանկավարժ մասնակցել են: Մեթոդիկան դժվար կլինի հանձնել, քանի որ քննությունը վրացերեն լեզվով է, բայց դեռ ժամանակ կա, ես ձգտում եմ, աշխատում: Բոլորն էլ ցանկանում են ստանալ բարձր աշխատավարձ», – ասում է մաթեմատիկայի մանկավարժը:

Ախալքալաքի Ռեսուրս-կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը ասում է, որ մեր մանկավարժները ավելի ակտիվ են դարձել ու ձգտում են կարիերայի աճի: Նրա խոսքերով, դրան նպաստել է բարձր աշխատավարձն ու տեղեկացվածությունը:

«Ճիշտ է, երկրորդ փուլը` մեթոդիկան անհրաժեշտ է հանձնել վրացերեն լեզվով, բայց կարելի է այդ փուլն անցկացնել այլ կերպ ու ստանալ կրեդիտներ: Կարելի է անցկացնել բաց դասեր, մասնակցել ծրագրերի: Դրանք ոչ մեկն էլ դժվար չեն ու ամեն ինչ կստացվի, միայն պետք է ցանկություն ունենալ ու շատ աշխատել», – ասում է Թերեզա Չիվչյանը:

Բաց դասերը և այլ ակտիվությունները դպրոցներում գնահատում է հաստատության ներքին հանձնաժողովը` «Գնահատող խումբը»: Այդ ակտիվությունները պետք է պլանավորել տարվա սկզբին: Բոլոր կրեդիտները հաշվառվում են բազայում, որը գոյույթուն ունի Վրաստանի Կրթության ու գիտության նախարարությանը կից:

Շուշան Շիրինյան