Թբիլիսիում բժիշկները պայքարում են կորոնավիրուսով վարակված տարեց կնոջ կյանքը փրկելու համար, որը վարակվել է ընտանիքի անդամի անփութության պատճառով: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին:
Վերջինիս խոսքով՝ հիվանդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք և մահվան եզրին է: Ռատիանին ընդգծել է, որ այս դեպքը հստակ ցույց է տալիս հասարակության յուրաքանչյուր անդամի պատասխանատվության կարևորությունը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ հենց երիտասարդներն են առավել հաճախ դառնում վիրուսի փոխանցողներ:
«Մեզ մոտ կա մի ընտանիք, որի անդամներից մեկը զվարճանալու համար գնացել է ինչ-որ տեղ… Նա արդեն դուրս է գրվել կլինիկայից, բայց այս րոպեներին նրա մայրը մահանում է վերակենդանացման բաժանմունքում: Սա հասարակության անպատասխանատվությունն է: Ավելի հաճախ վիրուսը փոխանցվում է երիտասարդների կողմից: Այդ իսկ պատճառով նրանք պետք է մնան տանը», – հայտարարել է Ռատիանին:
Ըստ կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքի թարմացված տվյալների՝ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակը 420 է, այդ թվում՝ 107-ն արդեն առողջացել է, հինգը՝ մահացել:
Կարանտինում գտնվում է 5223 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 584:
Համաճարակաբանները կանխատեսում են դեպքերի թվի կտրուկ աճ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այս ամենից ելնելով արտակարգ դրությունը երկարաձգվել է ամբողջ երկրում ևս մեկ ամսով` մինչև մայիսի 22-ը: