Ախալքալաքի Ազատություն և Դարբինյան փողոցների խաչմերուկում գտնվող խորը, մեծ փոսը վտանգավոր է երթևեկի համար: Վարորդներն ընտրության ընդամենը երկու հնարավորություն ունեն՝ կամ պետք է խախտեն ճանապարհային երթևեկության կանոնները՝ անցնելով ճանապարհի հանդիպակաց գոտի, կամ ջարդուխուրդ անեն սեփական մեքենան:

Քաղաքի կենտրոնում՝ Ազատություն և Դարբինյան փողոցների խաչմերուկում, անմիջապես լուսացույցի տակ, անցյալ տարի իրականացված կենտրոական փողոցի և կենտրոնական ջրամատակարարման համակարգի վերականգնողական աշխատանքներից հետո, ճանապարհին ձևավորվել է փոս, որն էլ ավելի է խորանում և ընդարձակվում: Մի անգամ փոսը լցվել էր ավազով, բայց դա երկար ժամանակ չծառայեց:

Վերջին օրերին փոսը լցվել է նաև ջրով: Ինչպես պարզվեց, այս փոսը ջրով է լցվել ջրամատակարարման համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով:

«Վթար կա փոքր-ինչ վերևում: Ջուրը հոսում է այնտեղ: Մի գործ ունենք, այն ավարտին հասցնելուն պես կզբաղվենք սրանով», – ասում է Վրաստանի Միավորված ջրամատակարարման կենտրոնի Ախալքալաքի ծառայության ղեկավար Արտակ Թառլամազյանը:

Եթե ջրի հարցն, ըստ պատասխանատուների, մոտ ժամանակներս կլուծվի, ապա ճանապարհի մեջտեղում խորը փոսի ասֆալտապատման հարցը դեռ հարցականի տակ է:

«Այս փոսի մասին մենք խոսել ենք «Ջավախ Ավտո Գզա» ընկերության հետ: Քանի որ այս ճանապարհը մունիցիպալ չէ, մենք չենք կարող ինքնուրույն լուծել այդ հարցը: Նրանք մեզ բացատրեցին, որ դեռ չեն կարող վերանորոգել», – ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տարածքային կառավարման, ճարտարապետություն, շինարարություն և ենթակառուցվածքների ծառայության պետ՝ Մագդա Ամիրշադյանը:

«Ջավախ Ավտո Գզա» ընկերությունից մեզ պարզաբանեցին, որ այս փոսի ասֆալտապատումը կախված է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից:

«Այս հարցը լուծում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը, նրանք պատրաստվում են վերականգնել այս ճանապարհը՝ սկսած Կորխ գյուղից մինչև քաղաքի վրացական եկեղեցին, բայց դեռևս ոչինչ պարզ չէ, այնպես որ մենք ոչինչ չենք անի այդ փոսի հետ», – ասում է «Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրեն Ջաբա Ձիրկվաձեն:

Արդեն երկար տարիներ ավերված Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի հատվածի վերականգնումը մի քանի տարի է խոստանում են: Այնուամենայնիվ, տարեսկզբից մենք փորձում ենք պարզել, թե երբ և որքան երկարությամբ կվերականգնվի ճանապարհը, թեև, մենք հստակ պատասխան չենք ստացել:

Բազմակի փորձերից հետո մեզ չհաջողվեց կապ հաստատել Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի հետ: Տեղեկատվությունը ստանալուն պես Jnews-ը կգրի այդ մասին: