Ախալքալաքում արձակուրդների սեզոնն ավարտվեց: Ինչպես միշտ, տեղի բնակչությունը փորձում է արձակուրդի ընթացքում Ջավախքից մեկնել դեպի Աջարիա կամ արտերկիր, մինչդեռ սփյուռքում ապրող ախալքալաքցիները հաճախ իրենց արձակուրդն անց են կացնում Ախալքալաքում: Այնուամենայնիվ, համավարակը մտցրեց իր ճշտգրտումները մարդկանց կյանքի բոլոր ոլորտներում, և հանգիստը բացառություն չէր:
2020 թվականի մարտից Վրաստանի սահմանները մուտքի և ելքի համար փակ էին: Բացի այդ, համավարակի գագաթնակետային փուլերի ընթացքում Վրաստանի շրջանների միջև տեղաշարժը նույնպես փակ էր: Այս տարի արձակուրդային շրջանում սահմաններն արդեն բաց էին, սակայն ընդհանուր առմամբ ճանապարհորդական որոշ սահմանափակումներ դեռ մնում են:
Համավարակի պատճառով Ախալքալաքի շրջանի որոշ բնակիչներ չկարողացան մեկնել արտերկիր և ճանապարհորդեցին Վրաստանում, ոմանք չկարողացան հանգստանալ նույնիսկ Վրաստանի ներսում` հաճախ ավելի շատ վարակվելու վախից, քան սահմանափակումներից, երբեմն էլ ֆինանսական վիճակի վատթարացման պատճառով: Կան նաև բնակիչներ, ովքեր պատվաստվում են, որպեսզի կարողանան ավելի հարմարավետ ճանապարհորդել և գոնե որոշ չափով կրճատել ՊՇՌ հետազոտությունների ծախսերը:
Վիրուսից վախը երբեմն հետ է մղում հանգստանալու ցանկությունը և խանգարում հիվանդությանը դիմադրելուն:
«Առաջին քովիդ-տարին, երբ սահմանները փակվեցին, մենք պատրաստվում էինք գնալ Եվրոպա՝ Ֆրանսիա, բայց չկարողացանք: Ամռանը լավ է Աջարիան բացվեց, և մենք գնացինք այնտեղ: Այս տարի նույնպես չկարողացանք մեկնել Վրաստանից, սահմանները բաց են, բայց ֆինանսական վիճակն է վատթարացել: Մեզ մնում էր ճանապարհորդական փաթեթը և որոշեցինք օգտագործել այն: Մենք չէինք վախենում վարակվելուց, քանի որ որոշեցինք, որ ավելի լավ է գնալ, վիտամիններ և արևի ճառագայթներ ստանալ, ուժեր հավաքել, քան այստեղ նստել և, արդյունքում, վարակվել ճանապարհորդող այլ մարդկանցից և մնալ առանց հանգստի», – ասում է Սոֆիան:
Նա նշում է, որ սահմանափակ պայմաններում Վրաստանում կարելի է գտնել բազմաթիվ զբոսաշրջային ուղղություններ, որոնք իրենց գեղեցկությամբ և բնությամբ ոչնչով չեն զիջում` Ծղալտուբոն, Սաիրմեն, Բորժոմին: Եվ իրոք, ըստ վիճակագրական տվյալների, ներքին զբոսաշրջությունը Վրաստանում դարձել է ավելի պահանջված:
Ինչպես հայտնում են Ախալքալաքի զբոսաշրջային կենտրոնից՝ 2021 թվականի 6 ամիսների ընթացքում զբոսաշրջիկների թիվը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ անհամեմատելի աճել է:
2020 թվականի հունվար-հունիս ամիսներին շրջան է այցելել 495 այցելու, իսկ 2021 թվականի հունվար-հունիս՝ 2 797, որից 113-ը՝ օտարերկրյա զբոսաշրջիկներ, որոնցից այցելուների մեծ մասը Լեհաստանից են, իսկ 2684-ը՝ Վրաստանի քաղաքացիներ: Այս տարի ամենահայտնի ուղղություններն են Խանչալիի Վագրե կիրճը, Կարզախը, Մադաթափան, Բուղաշենը և այլն, հիմնականում՝ լճերը:
Միևնույն ժամանակ, նախաքովիդյան ժամանակներում (2019 թ.)՝ հունվարից հունիս ամիսներին Կենտրոնը գրանցել էր 1 444 այցելու, այսինքն՝ այս տարի զբոսաշրջիկների թիվը գերազանցել է նույնիսկ նախաքովիդյան ցուցանիշները:
«Քանի որ սահմանները փակ են, մարդիկ, ովքեր ցանկանում են ինչ-որ տեղ գնալ, ուղղություններ են փնտրում Վրաստանի ներսում», – նշում է Ախալքալաքի զբոսաշրջային կենտրոնի աշխատակիցը: Թեև զբոսաշրջիկների մեծամասնությունը Ջավախք է գալիս Վրաստանի այլ շրջաններից, սակայն տեղի բնակչության շրջանում այցելուներն ավելի շատ են, և, ինչպես նշում են Կենտրոնից, նրանք դառնում են ավելի տեղեկացված և հետաքրքրվում են իրենց տարածաշրջանով:
Այնուամենայնիվ, Ախալքալաքում կան մարդիկ, ովքեր վարակի վախից հրաժարվել են արձակուրդից և նախընտրել մնալ տանը:
«Այս տարի մենք ոչ մի տեղ չգնացինք, քանի որ շատ էինք վախենում հնդկական տարբերակը մեզ հետ բերել, և մեր փողոցում Բորժոմիից եկած բոլոր հարևանները վարակվել էին: Ես գիտակցություն ունեմ, չեմ ուզում, որ ինչ-որ մեկը հիվանդանա կամ բարդություններ ունենա իմ պատճառով: Մարդիկ, ովքեր մտածում են միայն իրենց հանգստի մասին, չեն հասկանում, որ իրենց հանգիստը կարող է ինչ-որ մեկի մահվան պատճառ դառնալ», – ասում է Ախալքալաքի բնակիչը:
Արձակուրդային շրջանն արդեն հետևում է, իսկ առջևում երկարատև աշունն ու ցրտաշունչ ձմեռն է: Համավարակի կատարած փոփոխությունները հավերժ են, թե ժամանակավոր, կախված է մարդկանցից:
Ամալյա Բաբայան