Այսօր՝ ապրիլի 24-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց դռնփակ Սուրբ Պատարագ, այնուհետև ղողանջեց եկեղեցու զանգը: Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը նշվեց արտակարգ պայմաններում` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Չնայած այն հանգամանքին, որ այս տարի Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված բոլոր իրադարձությունները սահմանափակ էին, այնուամենայնիվ, տեղական իշխանությունների, հայկական կազմակերպությունների, Երիտասարդական կենտրոնի որոշ ներկայացուցիչներ և շարքային քաղաքացիներ ծաղիկներով հավաքվել էին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում: Մարդիկ կանգնած էին սոցիալական հեռավորությունը պաշտպանելով, որը վերահսկում էր ոստիկանությունը:
Սուրբ Պատարագից հետո ղողանջեցին եկեղեցու զանգերը: Սուրբ Խաչ եկեղեցու բակում, աղոթքից հետո ներկաներին դիմեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանը:
«Նրանք կարծում էին, որ Ցեղասպանություն գործելով, զանգվածային բնաջնջում իրականացնելով՝ ոչ ծերերին, ոչ երեխաներին, ոչ էլ կանանց չխնայելով, սակավաթիվ ժողովրդին կսրբեին երկրի երեսից, բայց տեղի ունեցավ հակառակը: Մենք՝ աշխարհով մեկ սփռված հայերս, այսօր սերմեր, ծիլեր, պտուղներ ենք տվել: Մենք այսօր էլ շարունակում ենք մեր արդար պայքարը աշխարհի բոլոր հատվածներում՝ թե մեր հայրենիքում, թե Ջավախքում և Սփյուռքում, ամենուրեք, որտեղ կան հայեր: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիս անունից այն երկրներին, ովքեր համարձակվել են ճշմարտության հետ առերեսվել, ճանաչել Հայոց Ցեղասպանությունը», – իր խոսքում նշեց Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանը: