Այսօր Ախալքալաքի «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգում տեղի ունեցավ զբոսայգու վերականգնման գործընթացի քննարկում: Միջոցառումը կազմակերպվել էր Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի նախաձեռնությամբ: Քննարկմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, Սակրեբուլոյի և քաղաքապետարանի ենթակառուցվածքների և պլանավորման ծառայությունների ներկայացուցիչներ:

Այսօր առավոտյան, ժամը 10: 00-ին, «Խաս Բախչա» զբոսայգում, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քաղաքապետարանի ենթակառուցվածքների և պլանավորման ծառայությունների աշխատակիցների հետ միասին, քննարկեցին զբոսայգու վերականգնման իրավիճակը, հին նախագիծը և նոր նախագծերը (զբոսայգու լուսավորությունը և ասֆալտապատումը), որոնք արդեն հաստատվել են Սակրեբուլոյի կողմից: Աշխատանքի այս ձևաչափն առաջին անգամ գործածվեց Ախալքալաքում:Պարզապես քննարկումներին Ախալքալաքի բնակիչներ չկային: Այս քննարկման մասին հայտարարվել էր Սակրեբուլոյի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, իսկ ՀԿ ներկայացուցիչներին հրավիրել էին հեռախոսազանգի միջոցով:

«Մեր ցանկությունն է, որ քաղաքացիներն ակտիվորեն ներգրավվեն քաղաքի ենթակառուցվածքային զարգացման մեջ», – ասացին կազմակերպիչները:

Զբոսայգու վերականգնման նոր նախագծերը (լուսավորությունը և ասֆալտապատումը) քաղաքին նվիրել են, և շուտով հայտարարվելու են աշխատանքների տենդերները: Դրանք հավաքվածներին ներկայացրեց քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Ռաֆիկ Աբաջյանը:

«Զբոսայգու նախագիծը կազմվել է անցյալ տարվա դեկտեմբերին, բայց կա լրացման անհրաժեշտություն: Այս տարի առաջարկ եղավ ավելացնել լուսավորությունն ու ասֆալտապատումը», – ասաց Ռաֆիկ Աբաջյանը:

Լրացմամբ նախատեսված է զբոսայգու լուսավորումը: Զբոսայգու կանաչապատ տարածքներում նախատեսվում է տեղադրել լուսավորության սյուներ: Տեղադրվելու են երեք մետրանոց 52 սյուն: Աբաջյանի խոսքով, սյուների վրա կլինեն ճարտարապետական տարրեր: Լուսավորության համար հատկացվել է 22 316 լարի:

Զբոսայգու տարածքի երկայնքով կասֆալտապատվի ներքին ճանապարհը: Այդ նպատակով հատկացվել է 40 800 լարի:

Նախագծի համաձայն, այգում կօգտագործվեն տեղական սալաքարեր: Այնտեղ կտեղադրվեն փողոցային տրենաժորներ, դրանք կլինեն ծածկի տակ, շատրվանի կասկադը կմնա նույնը, նրա շրջակայքը կփոխվի և կլուսավորվի: Զբոսայգու չորս մուտքերում դարպասներ չեն լինի, դրանք կլինեն բաց:

Ներկաներին հետաքրքրում էր այն հարցը, թե ինչ է լինելու այգում գործող երեք օբյեկտների հետ: Այս հարցին պատասխանեց քաղաքապետարանի պլանավորման և տնտեսագիտության ծառայության մասնագետ Վահան Բաթոյանը:

obsujdenya

Նա ասաց, որ երեք օբյեկտներից մեկը քաղաքացի Խոդիկյանի սեփականությունն է, իսկ երկու օբյեկտը քաղաքապետարանը վարձակալել է:

«Այս օբյեկտները պետք է հեռացվեն: Առաջին օբյեկտը (Խոդիկյանների սրճարանը) սեփականություն է, բայց նրանք պետք է հանեն: Կա հրաման զբոսայգիներում օբյեկտներ չթույլատրել, երկրորդը՝ սրճարանն է, մեր սեփականությունն է, բայց վարձակալման ենթակա է, մենք կհայտարարենք տենդեր, ով լավ պայմաններ կներկայացնի, և բացի այդ, մենք աճուրդի կհանենք, ով պետությանը կվճարի ավելի շատ, նա էլ կաշխատեցնի: Սրճարանի տարածքը չի փոխվի: Երրորդ օբյեկտը մեր սեփականությունն է (Ստելմաշովների սրճարանը), վարձակալված է, բայց անհրաժեշտության դեպքում կարող ենք չեղյալ հայտարարել վարձակալության պայմանագիրը », – ասաց Վահան Բաթոյանը:

Հետաքրքրվեցին նաև զբոսայգու նստարանների հարցով, թե այգում «Ախալքալաք» գրվածքով նստարաններ կլինեն: Սրան Աբաջյանը պատասխանեց, որ նստարանները սպասարկման կենտրոնը պատրաստելու է սեփական ուժերով, և քաղաքապետարանը մտադիր է նստարանների գումարը խնայել:

Հետաքրքրվեցին կանաչապատ գոտու ընդլայնման հարցով, սակայն զբոսայգու կանաչապատ գոտին կմնա նույնը՝ ոչ կավելանա, ոչ էլ կպակասի:

ՀԿ-ների ներկայացուցիչները առաջարկեցին զբոսաշրջիկներին գրավելու համար զբոսայգում զբոսաշրջային ցուցատախտակ տեղադրել: Դրան Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը պատասխանեց, որ զբոսաշրջիկներին գրավելու համար, իրենք մտադիր են վերականգնել այգու մոտ գտնվող հին քաղաքի որոշ տներ, բայց դեռ դրա համար գումար չկա:

Հարց առաջացավ զբոսայգու ցանկապատի գույնի մասին: Գույնը նախագծում նշված չէ, այն թողնվել է մունիցիպալիտետի հայեցողությանը: Առաջարկ եղավ կիսա հնաոճ երանգներով ներկել: Հանդիպմանը առաջարկվեց լրատվամիջոցների օգնությամբ հարցում անցկացնել և պարզել բնակչության կարծիքը ցանկապատի գույնի վերաբերյալ:

«Թող մեր լրատվամիջոցները հարցում անցկացնեն, թե քաղաքացիները ինչ գույն են ուզում որ լինի կենտրոնական զբոսայգու չուգունի ցանկապատերը», – ասաց Նաիրի Իրիցյանը:

Jnews- ը հարցումը կանցկացնի: