Կրթության նախարարության առաջարկով, Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր 12 մանկապարտեզները մարտի 30-ից անցել են հեռավար ուսուցման: Ուսուցումն իրականացվում է «Viber» մեսենջերի միջոցով:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման մեթոդաբան Զարինե Զադոյանն ասում է, որ դա արվում է նրա համար, որպեսզի երեխաներն իրենց ժամանակն անցկացնեն արդյունավետ:
«Երեխաներն ամբողջ օրը տանն են, նրանց հետ աշխատել է պետք: Իհարկե, այն ինչ նրանք ստանում էին մանկապարտեզում, մենք չենք կարող հեռավար տալ, բայց էլի ինչ-որ բան է: Ծնողները պետք է նաև մի փոքր շատ աշխատեն երեխաների հետ, մենք ասել ենք նրանց, որ առանց իրենց աջակցության չենք կարողանա, և նրանց խնդրել ենք լրջորեն մոտենալ այս ամենին », – ասում է Զարինե Զադոյանը:
Նա արդեն կազմել է հեռավար ուսուցման ծրագիրը: Առավոտյան երեխաները պետք է սովորեն ոտանավորներ, լսեն հեքիաթներ և նկարներով պատմեն, իսկ օրվա երկրորդ մասում, ըստ ծրագրի, նախատեսված է նկարչություն առավոտյան յուրացրած թեմաների վերաբերյալ: Ամեն օր ընտրվում է նոր թեմա:
Ուսուցիչներն աշխատում են «Viber»-ով: Նրանք առաջադրանքը ուղարկում են ծնողներին, այնուհետև ծնողներն արդյունքն ուղարկում են դաստիարակին՝ տեսանյութերի, ձայնագրությունների կամ երեխաների կատարած աշխատանքը լուսանկարների տեսքով:
Նման դասավանդումը նորություն է դաստիարակների, ինչպես նաև երեխաների և ծնողների համար:
Թիվ 1 մանկապարտեզի դաստիարակ Անահիտ Մուսիկյանն ասում է, որ իրենք դեռ հունի մեջ չեն մտել, բայց նա կարծում է, որ ամեն ինչ կստացվի:
«Մենք ստեղծել ենք խումբ, ես առավոտյան ծրագիրը կտամ, կծանոթացնեմ թեմային, որից հետո նրանք առանձին-առանձին խմբում կբեռնեն իրենց բոլոր արդյունքները: Մենք ծնողներին ուղղություն ենք ցույց տալիս, որպեսզի նրանք աշխատեն երեխաների հետ», – ասում է Անահիտ Մուսիկյանը:
Դաստիարակ Երան Գալոյանի խմբում կա 43 երեխա: Նա նման դասավանդումը բարդ չի համարում, բայց նրան փոքր-ինչ կաշկանդում է այն հանգամանքը, որ անմիջական շփում չկա, սակայն, նա երեխաների մեջ հետաքրքրություն է տեսնում կրթության այսպիսի նոր ձևի նկատմամբ:
«Դեռևս միայն խումբ ենք ստեղծել, բայց ես երեխաների մեջ նկատել եմ ակտիվություն, հետաքրքրություն, նրանք արդեն շփվում են միմյանց հետ, ինչ-որ բան են ուղարկում, խմբում մեկնաբանություններ են կատարում: Տեսնենք թե ինչ կլինի հետո», – ասում է Երան Գալոյանը:
Մեթոդաբան Զարինե Զադոյանն ասում է, որ իրենց խնդիրն է ստեղծել հեռավար շփման առավելագույն հնարավորություն երեխայի և դաստիարակի միջև:
«Ուսուցիչները կուղարկեն առաջադրանքները ձայնային հաղորդագրությունների տեսքով, որպեսզի երեխաները լսեն ուսուցչի ձայնը և զգան կապը միմյանց միջև: Այս դասավանդման բացասական կողմը միայն անմիջական կապի բացակայությունն է, շփման բացակայությունը, բայց ես կարծում եմ, որ դա ոչնչից ավելի լավ է», – ասում է նա:
Այն ծնողները, ովքեր պարտադիր տնային աշխատանք են ստացել, նույնպես չեն կարող դեռ ասել այդպիսի ուսուցման արդյունավետության մասին, բայց հիմնականում գոհ են:
Հասմիկ Մարգարյանն ասում է, որ արդեն կիմանա, թե կոնկրետ ինչով է զբաղվելու երեխայի հետ:
«Ես նրա հետ տանը զբաղվում եմ, բայց սա նորամուծություն է: Իմ որդին 6 տարեկան է, դուստրս՝ երեք: Նա նույնպես կնստի նրա հետ և կպարապեն», – ասում է Հասմիկ Մարգարյանը: