Վրաստանի ներքին գործերի նախարարության լրատվությամբ՝ ոստիկանությունն արտակարգ դրության ռեժիմի խախտման համար 7 քաղաքացու է տուգանել:

«Ներքին գործերի նախարարությունը երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ միասին, ակտիվորեն շարունակում է ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների հսկողությունը:

Համատեղ հսկողության արդյունքում, Մցխեթա-Մթիանեթիի, Քվեմո-Քարթլիի, Սամցխե-Ջավախեթիի և Աջարիայի շրջաններում ինքնամեկուսացման կանոնները խախտելու 7 դեպք է արձանագրվել: Ոստիկանությունը նրանց բոլորին տուգանել է 3000 լարիով և բռնի կերպով տեղափոխել կարանտինային գոտի:

Բացի այդ, արտակարգ դրության ռեժիմի խախտման փաստով Կախեթիի ոստիկանությունը 3000 լարիով տուգանել է մեկ անձի, որը չնայած արգելքին, միկրոավտոբուսով իրականացնում էր միջքաղաքային ուղևորափոխադրումներ: Յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ պարտավոր է պաշտպանել արտակարգ դրության ռեժիմը, որը խախտելու դեպքում կտուգանվի, իսկ կրկնելու դեպքում՝ կենթարկվի քրեական պատասխանատվության»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ:

Հարկ է նշել, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը բնակիչներին կարճ հաղորդագրություններ է ուղարկում, որոնցով զգուշացնում է, որ պատիժ է սահմանված արտակարգ իրավիճակում ընդունված ընդհանուր կարգը խախտող քաղաքացիներին:

Մասնավորապես՝ 112-ը ծառայությունը հիշեցնում է բոլոր օպերատորների բաժանորդներին, որ կարանտինի և ինքնամեկուսացման ռեժիմը խախտող քաղաքացիների համար տուգանքներ են նախատեսվել: Ֆիզիկական անձը, ով կխախտի կարանտինային ռեժիմը, կտուգանվի 3000 լարիի չափով, իավաբանական անձը՝ 15000: Կրկնվելու դեպքում կարգազանցների համար օրենքը մինչև 3 տարի ազատազրկում է նախատեսում: