«Վրաստանի հանրային պաշտպանի վստահելի ներկայացուցիչները շարունակում են հետևել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ընթացող բողոքի ակցիային, ինչպես նաև հանդիպումներ են ունենում ժամանակավոր պահման վայրերում և ոստիկանական բաժանմունքներում պահվող քաղաքացիների հետ», – ասվում է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանի հայտարարության մեջ:

Հարկ է նշել, որ ակցիայի ժամանակ մեկ անգամ չէ, որ ցուցարարները հանրային պաշտպանին կոչ են արել դուրս գալ և հայտարարություն անել։

«Հանրային պաշտպանի ներկայացուցիչներն իրենց մանդատի շրջանակներում կշարունակեն այցելել ձերբակալվածներին և ծանոթանալ նրանց ֆիզիկական վիճակին։

Վրաստանի հանրային պաշտպանն առաջիկա օրերին հանրությանը կներկայացնի մարտի 7-8-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի գնահատականը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերն անցկացվեում են «Ժողովրդի ուժը» կուսակցության նախաձեռնած օրինագծերի դեմ։ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ աջակցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։

Հիշեցնենք, որ «Օտարերկրյա գործակալների» փաթեթն իր մեջ երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:

Օրենքների նախագծերը ներկայացրել են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքած և «Ժողովրդի ուժը» շարժումը ձևավորած քաղաքական գործիչներ Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կղավելաշվիլին, Գուրամ Մաճարաշվիլին, Դաչի Բերաիան, Վիկտոր Ջափարիձեն, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան և Զաալ Միքելաձեն։