Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում կարանտինային գոտիները պահպանելու համար պետբյուջեից հատկացվել է 32,5 միլիոն լարի (ավելի քան 10 միլիոն դոլար): Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության խորհրդարան ուղարկված զեկույցում:
Կառավարության տվյալներով, մայիսի 22-ի դրությամբ կարանտինային գոտին բաղկացած է արդեն 84 հյուրանոցից՝ ողջ երկրում համարների ընդհանուր թիվը գերազանցել է 6 500-ը, շուրջ 19 002 մարդ անցել է պարտադիր կարանտին:
Զեկույցում նշվում են համաճարակի ժամանակ վրացական կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները: Դրա գլուխներից մեկը նվիրված է կարանտինային գոտիների կառավարմանը:
Համաձայն զեկույցի՝ բնակչության առողջության և վարակի տարածման ռիսկերը նվազեցնելու համար կառավարությունը սկսել է ստեղծել կարանտինային տարածքներ, որոնք նախկինի պես ապահովում են ժամանակավոր մեկուսացումը նրանց, ովքեր վարակման ռիսկի տակ են կամ իրենք են ռիսկ ներկայացնում ուրիշներին վարակելու առումով:
Հյուրանոցները որպես կարանտինային գոտիներ ամրագրելը սկսվել է 2020 թվականի մարտի 10-ից՝ նախքան երկրում արտակարգ դրություն հայտարարելը:
«Կառավարությունն ապահովել է քաղաքացիների փոխադրումը սահմաններից հյուրանոցներ: Մեծ հեռավորությունների դեպքում սնունդը տրանսպորտում էր հատկացվում: Հյուրանոցի աշխատակազմն ապահովված էր նաև հատուկ բժշկական սարքավորումներով և այլ անհրաժեշտ միջոցառումներով: Արտակարգ դրության հայտարարումից առաջ հյուրանոցային համարը բանակցությունների առարկա էր յուրաքանչյուր ամրագրման ժամանակ:
2020 թվականի մարտի 21-ից, նախագծին մասնակցող բոլոր 34 հյուրանոցների համար ներկայացվել էր համընդհանուր սակագին, ներառյալ` հյուրանոցային համարի արժեքը` 59 (ներառյալ ԱԱՀ-ն) լարի (ավելի քան 18 դոլար), որտեղ յուրաքանչյուր հյուրանոցի համար օրական եռանգամյա սննդի համար սահմանված սակագինը կազմում է 25 լարի (ավելի քան 8 դոլար)», – ասվում է զեկույցում:
Երկու ամսվա ընթացքում միջինը 4500-5000 հյուրանոցային համարներ անընդհատ զբաղված էին: Ծրագրի իրականացման ընթացքում ներգրավվել է 23 փոքր (5-ից 40 հյուրանոցային համար), 42 միջին (41-ից 100 հյուրանոցային համար) և 18 խոշոր (101 և ավելի հյուրանոցային համար) հյուրանոց:
«Հարկ է նշել, որ կարանտինային գոտու նախագիծը նպաստեց ոչ միայն COVID-19-ի դեմ արդյունավետ պայքարին, այլ նաև այնպիսի ոլորտների ներկայացուցիչների ֆինանսական օժանդակությանը, ինչպիսիք են՝ տրանսպորտային ծառայությունը, քեյթերինգը (տեղում ռեստորանային ծառայությունների մատուցումը) և սննդի առաքումը, տեղական գյուղամթերքի արտադրությունը և այլն», – ասվում է զեկույցում: