Այսօր Վրաստանի հավաքականի բռնցքամարտիկները օլիմպիական ուղեգրերը ստանալու համար մեկնում են Լոնդոն: Ախալքալաքցի բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը նույնպես պայքարելու է «Տոկիո 2020» Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

Մարտի 13-ից մարտի 24-ը, Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում, «Copper Box Arena» մարզահամալիրում, կանցկացվի բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը՝ «Olympic Qualifying Tournament-Europe»-ը:

Վրաստանից 7 մարզիկ կմրցեն օլիմպիական խաղերի ուղեգրերը նվաճելու համար, այդ թվում՝ 57 կգ քաշային կարգում Ախալքալաքի մարզահամալիրի սան Արտյուշ Գոմցյանը:

Gomcyan

Բռնցքամարտիկի գլխավոր մարզիչ Ատոմ Էլիզբարյանը մեծ հույսեր է կապում Արտյուշի հետ: Նա հույս ունի, որ Արտյուշը կմասնակցի օլիմպիական խաղերին:

Նշենք, որ Լոնդոնից բացի, մայիսի 13-20-ը Փարիզում կանցկացվի աշխարհի վարկանիշային ևս մեկ մրցաշար՝ «World Olympic Qualifying Tournament»-ը, որտեղ կխաղարկվեն Տոկիոյի Օլիմպիական խաղերի վերջին ուղեգրերը:

Արտյուշ Գոմցյանն արդեն 11 տարի է զբաղվում է բռնցքամարտով՝ Ախալքալաքի մարզահամալիրում: 2018-ի նոյեմբերին Իսպանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Արտյուշը նվաճեց բրոնզե մեդալակիրի տիտղոսը: Ռուսաստանում՝ 2019-ին, բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների միջև անցկացվող առաջնությունում, Արտյուշ Գոմցյանը նույնպես գրավեց պատվավոր երրորդ տեղը:

Իսպանիայում բռնցքամարտի Եվրոպայի 2018 թվականի առաջնությունը դարձավ Գոմցյանի ամենամեծ հաջողությունը, թեև մինչ այդ էլ նա լավագույնս էր իրեն դրսևորել այլ մրցաշարերում էլ՝ ինչպես Վրաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:

Բրատիսլավ Իգիթխանյան