Ախալքալաքի Արդարադատության տան շենքը փակ է, բայց կենսաչափական անձնագրերն ու անձը հաստատող վկայականներն արդեն հնարավոր է ստանալ, սակայն դիմումի ներկայացման ընթացակարգի որոշ փոփոխություններով:
Ինչպես բոլոր հաստատությունները, Արդարադատության տունը նույնպես անցել է հեռավար աշխատառեժիմի:
Համաշխարհային համաճարակի պատճառով դադարեցվել էր կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող վկայականների տրամադրումը քաղաքացիներին, բայց այսօր Արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող վկայականների տրամադրումը վերսկսվում է: Սակայն, վկայականներն ու անձնագրերը հնարավոր չէ ձեռք բերել արագացված կարգով, բոլորը կարող են դրանք ստանալ ստանդարտ 10 օրվա ընթացքում:
Նրանք, ովքեր արդեն մեկ անգամ վերցրել են կենսաչափական անձնագիր և ցանկանում են նորը ստանալ, պետք է հայտարարություն թողնեն my.gov.ge կամ sda.gov.ge կայքում: Պատրաստի փաստաթուղթը կուղարկվի փոստի միջոցով:
Նրանք, ովքեր ցանկանում են ստանալ էլեկտրոնային անձը հաստատող վկայական և այն ավելի վաղ արդեն ստացել են, մինչև ապրիլի 13-ը պետք է զանգահարեն 032 2 40 10 10 թեժ գծի հեռախոսահամարին: Օպերատորը հաճախորդի հետ կնշանակի հանդիպում, կընտրի որոշակի օր, ժամ և վայր, ուր քաղաքացին պետք է ներկայանա: Ապրիլի 13-ից հետո հայտերը պետք է տեղադրվեն վերը նշված կայքերում:
Եթե անձն առաջին անգամն է ստանում կենսաչափական անձնագիր կամ էլեկտրոնային անձը հաստատող վկայական, ապա նա պետք է զանգահարի թեժ գիծ՝ 032 2 40 10 10 և օպերատորը նրան կնշանակի հանդիպման օր, ժամ և վայր:
Թբիլիսիում, Բաթումիում և մի շարք այլ վայրերում գործում է նաև հատուկ ծառայություն՝ 70 տարեկանից բարձր անձանց համար: Նրանք առանց տանից դուրս գալու կարող են դիմում ներկայացնել էլեկտրոնային անձը հաստատող վկայական կամ կենսաչափական անձնագիր ստանալու համար: Դա անելու համար անձը պետք է զանգահարի թեժ գիծ և օպերատորին տրամադրի իր մասին տեղեկություններ, ինչից հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստանդարտներին համապատասխան հանդերձավորած գործակալության անձնակազմը 10 օրվա ընթացքում կժամանի քաղաքացու հասցեով և կիրականացնի բոլոր համապատասխան ընթացակարգերը: Սակայն, Ախալքալաքում այս ծառայությունը դեռևս չի գործում:
Պետական ծառայությունների զարգացման գործակալությունից Jnews- ին հայտնեցին, որ մինչ այժմ ներդրվել են միայն այս հեռահար ծառայությունները, ինտենսիվ աշխատանքներ են տարվում գործակալության այլ ծառայություններ ներգրավելու ուղղությամբ: