Թբիլիսիում դատախազը բերման է ենթարկվել առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու մեղադրանքով: Դիդուբե-Չուղուրեթի շրջանային դատախազության աշխատակիցն ամբաստանյալից գումար է պահանջել՝ խոստանալով նրա հետ կնքել ընթացակարգային համաձայնագիր: Այս մասին հայտնում են Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Դ.Շ.-ն թմրահանցագործության (առանձնապես խոշոր քանակով թմրամիջոցների ապօրինի գնում-պահում ) գործով մեղադրյալից պահանջել է 50 հազար լարի: Այս քաղաքացու դեմ հարուցված քրեական գործը վարում էր Դ.Շ.-ն:
«Դատախազ Դ.Շ.-ն փաստաբանին ասել է, որ հակառակ դեպքում մեղադրյալի հետ ընթացակարգային համաձայնագիրը չի կնքվի», – ասվում է Գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
Մեղադրյալի ընտանիքի անդամները համաձայնել են վճարել: Դատախազը երիտասարդի հորից և փաստաբանից ստացել է ընդհանուր առմամբ 20 հազար լարի:
Գումարը փոխանցելու ընթացքում Դ.Շ.-ին ձերբակալել են Գլխավոր դատախազության գլխավոր տեսչության աշխատակիցները:
Հետաքննությունը շարունակվում է «առանձնապես մեծ չափով կաշառք վերցնելու» հոդվածով: Ձերբակալված դատախազին սպառնում է 11-15 տարվա ազատազրկում:
Գլխավոր դատախազությունը նշում է, որ կոռուպցիոն հանցագործությունների ուղղությամբ նրանք իրականացնում են խիստ իրավական քաղաքականություն: Գերատեսչությունը խոստանում է «խիստ արձագանք տալ» յուրաքանչյուր կոռուպցիոն հանցագործությանը և հատկապես դատախազների կողմից կատարված կաշառքի փաստերին:
«Մենք նաև կոչ ենք անում հասարակությանը, եթե կա այդպիսի փաստերի մասին տեղեկատվություն, անհապաղ տեղեկացնել Գլխավոր դատախազության գլխավոր տեսչությանը` կասեցնելու և ապահովելու հանցագործության արդյունավետ հետաքննությունը», – ասվում է հայտարարության մեջ: