Եվրախորհրդարանը «Վրաստանի բռնազավթված տարածքները Ռուսաստանի հարձակումից 10 տարի անց» վերտառությամբ բանաձև է ընդունել:
Բանաձևում մասնավորապես նշվում է, որ Եվրախորհրդարանն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը, իսկ հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծումը Եվրոպական անվտանգության օրակարգի հիմնական սկզբունքն է:
Ինչպես նաև նշվում է, որ հակամարտություններն ու Վրաստանի տարածքի շարունակվող բռնազավթումը պոտենցիալ վտանգ է ներկայացնում եվրոպական երկրների անվտանգությանը:
Եվրախորհրդարանը կոչ է անում Ռուսաստանին չեղյալ համարել Վրաստանի շրջաններ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության մասին ընդունած որոշումը: Եվ անվերապահ կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ին կնքված հրադադարի վերաբերյալ պայմանագրում առկա կետերը, հատկապես Վրաստանի շրջաններից ռուսական զինված ուժերի դուրս բերումը:
Եվրախորհրդարանը կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել Վրաստանի տարածքների՝ Աբխազիայի և հարավային Օսիայի օկուպացիան, և հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: