Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ-ի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնահերթությունների շարքում է, իսկ հայ-վրացական գործընկերությունը տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Անդրադառնաով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ դրանց կարգավորման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, որոնց այլընտրանք չկա: Վստահ եմ նաև, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները: Այս առումով խիստ կարևորում եմ միմյանց համազգային հարցերի շուրջ հավասարակշիռ դիրքորոշումների պահպանումը»,- հայտարարել է Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ուղղությամբ հետևողական քայլերի համար:
«Մենք ամեն օր աշխատում ենք կառավարության մակարդակով` խորացնելու Վրաստանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները։ Մենք ձեզ հետ միշտ համակարծիք ենք եղել, որ բարձր մակարդակով այցերը այն հիմքն են, որոնք կառավարություններին թույլ են տալիս արդյունավետ աշխատել նախարարությունների մակարդակով», – ասել է Վրաստանի վարչապետ Գախարիան։
Ըստ Գախարիայի` Հայաստանի և Վրաստանի իշխանությունների նպատակը մեկն է` էլ ավելի խորցանել երկու երկրների և ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները բոլոր ոլորտներում։
«Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում, ամեն ինչ հիանալի հասկանում ենք և մեր կառավարությունները հասկանում են, որ կայունությունն ու անվտանգությունը մեր երկրների զարգացման հիմքն են։ Նախևառաջ, մենք պետք է հոգ տանենք անվտանգության մասին, այնուհետև մշակութային, տնտեսական և այլ ոլորտի զարգացման համար», – նշել է Գախարիան։
Փաշինյանը պաշտոնական այցով Վրաստան է ժամանել մարտի 3-ին: Հանդիպումներ են նախատեսված ինչպես այդ երկրի վարչապետ Գիորգի Գախարիայի, այնպես էլ նախագահ Սալոմե Զուրաբիշվլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: