ԱՄՆ պետքարտուղարությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր հուլիսի 5-ին և 6-ին Թբիլիսիում հարձակվել են խաղաղ ցուցարարների և լրագրողների վրա:
Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում Վաշինգտոնը հիշեցրել է նաև այն պատժամիջոցների մասին, որոնք կարող են կիրառվել նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների ոտնահարման համար:
Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը պատասխանել է վրացական Pirveli հեռուստաընկերության լրագրողի հարցին, որը հրավիրվել էր Պետդեպարտամենտի ճեպազրույցին:
Ճեպազրույցում լրագրող Դեմնա Դևդարիանին ցույց է տվել Pirveli հեռուստաընկերության ծեծված հեժուստաօպերատոր Լեքսո Լաշքարավայի լուսանկարը և ասել, որ նրա մահից հետո ընդդիմադիր լրատվամիջոցները պահանջում են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը, որին նրանք մեղադրում են անգործության և քաղաքացիների և լրագրողների իրավունքները պաշտպանելու անկարողության մեջ:
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ձեր գործընկերոջ՝ Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ և մեր վշտակցությունը հայտնում նրա ընտանիքին և գործընկերներին», – ասել է Փրայսը՝ պատասխանելով հարցին:
«Յուրաքանչյուր վրացի լրագրողի անվտանգությունը և վստահությունը ժողովրդավարության և Վրաստանի նկատմամբ, ըստ էության, պահանջում են, որ յուրաքանչյուր մարդ, ով հարձակվել է խաղաղ ցուցարարների և լրագրողների վրա հուլիսի 5-ին և 6-ին, կամ նրանց, ովքեր բռնություն են հրահրել, նույնականացվի, կալանավորվի և պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ», – ընդգծել է Փրայսը:
«Մենք Վրաստանի ղեկավար անձանց և իրավապահ մարմիններին հիշեցնում ենք սահմանադրական իրավունքներն իրականացնող յուրաքանչյուր անձի պաշտպանելու իրենց պատասխանատվության մասին: Մենք նրանց հիշեցնում ենք նաև մամուլի ազատությամբ օգտվող լրագրողներին պաշտպանելու իրենց պատասխանատվության մասին», – ասել է Պետդեպարտամենտի պաշտոնյան:
Նա նաև կոչ է արել Վրաստանի իշխանություններին հարգել ԼԳԲՏՔ+ համայնքի իրավունքները և պաշտպանել այդ համայնքի ներկայացուցիչներին «բռնություններից, վիրավորանքներից, խտրականություններից և խարանից»:
«Ինչ վերաբերում է վարչապետին և նրա ապագային, ապա, իհարկե, այս որոշումը պետք է ընդունի վրաց ժողովուրդը», – եզրափակել է Փրայսը:
Լրագրողը նաև հետաքրքրվել է, թե արդյո՞ք ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Վրաստանի ղեկավարության այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր հուլիսի 5-ին բռնության դեպքեր են թույլ տվել, որի ընթացքում վիրավորվել են լրագրողները:
«Մենք ունենք մի քանի մեխանիզմներ, որոնք ուղղված են մարդու իրավունքների ոտնահարման և բռնության համար պատասխանատուների դեմ: Եվ պատժամիջոցներն իսկապես այդպիսի մեխանիզմներից մեկն են: Ինչպես գիտեք, մենք նախապես չենք խոսում պատժամիջոցների մասին, քանի դեռ չենք ընդունել դրանք, բայց ուշադիր հետեւում ենք իրավիճակին Վրաստանում», – պատասխանել է Փրայսը:
Թբիլիսիում՝ կիրակի օրը, հազարավոր մարդիկ հավաքվել էին խորհրդարանի շենքի դիմաց, երբ հայտնի էր դարձել Pirveli հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդրե Լաշքարավայի մահվան մասին:
Նյութը՝ «Новости Грузия»-ից