Հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանը 55 երկիր արտահանել է շուրջ 28,3 միլիոն շիշ (0,75 լիտր) գինի, ինչը 15%-ով ավելի է 2020-ի նույն ժամանակահատվածի տվյալներից: Այս մասին հայտնում է Գինու ազգային գործակալությունը:
Արտահանված գինու արժեքը հասել է 65 մլն դոլարի, ինչը 7%-ով ավելի է նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների եկամուտից:
Արտահանման աճի միտումը գրանցվում է նաև ռազմավարական շուկաներում: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում Լիտվա է արտահանվել ավելի քան 356.7 հազար շիշ գինի, ինչը 71%-ով ավելի է 2020-ի հունվար-ապրիլ ամիսներից: ԱՄՆ է արտահանվել ավելի քան 325,4 հազար շիշ (2% աճ), Էստոնիա՝ 228,5 հազար շիշ (3% աճ), Գերմանիա՝ 229,5 հազար շիշ (1% աճ), Մեծ Բրիտանիա՝ 157,9 հազար շիշ (6 % աճ):
Արտահանման նշանալի աճ է նկատվում.
Կանադա՝ 96 հազար շիշ,աճը՝ 56%,
Իսրայել՝ 181,8 հազար շիշ, աճը՝ 87%,
Ադրբեջան՝ 112 հազար շիշ, աճը՝ 113%,
Մոնղոլիա՝ 192,4 հազար շիշ, աճը՝ 477%,
Չեխիա՝ 44,5 հազար շիշ, աճը՝ 734%,
Թուրքիա՝ 45.9 հազար շիշ, աճը՝ 219%,
Շվեդիա՝ 31,5 հազար շիշ, աճը՝ 35%:
Վրացական գինիների արտահանողների լավագույն հնգյակը.
Ռուսաստան` 17,1 միլիոն շիշ, ինչը 16%-ով ավելին է, քան 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսների տվյալները,
Ուկրաինա՝ 3.3 միլիոն շիշ, աճը՝ 9%,
Լեհաստան՝ 1,8 միլիոն շիշ, աճը՝ 2%,
Չինաստան՝ 1,5 միլիոն շիշ, աճը՝ 19%,
Ղազախստան՝ ավելի քան 1 միլիոն շիշ, աճը՝ 56%:
Հաշվետու ժամանակահատվածում արտահանում իրականացրել են 252 ընկերություններ: Բացի գինուց, հունվար-ապրիլին նրանք վաճառել են 10,2 միլիոն շիշ (0,5 լիտր) վրացական բրենդի և 195 հազար շիշ (0,5 լիտր) ճաճա: Բրենդիի արտահանման եկամուտը կազմել է 19 միլիոն դոլար՝ 20%-ով ավելի, քան 2020 թվականի հունվար-ապրիլին: Ճաճայի արտահանման եկամուտները չորս ամսվա ընթացքում աճել են 25%-ով և կազմել 500 000 ԱՄՆ դոլար:
Ընդհանուր առմամբ՝ գինուց, բրենդիից, ճաճայից և սպիրտից արտահանման եկամուտները կազմել են 106,3 մլն. ԱՄՆ դոլար։
2019 թվականին Վրաստանից ռեկորդային քանակությամբ գինի է արտահանվել: Աշխարհի 53 երկրներ արտահանվել է մինչև 94 միլիոն շիշ (0,75 լիտր) գինի, ինչը 9%-ով ավելի է 2018 թվականի հետ համեմատ:
2020 թվականին վաճառքները զգալիորեն նվազել են՝ պայմանավորված ինչպես կորոնավիրուսային համավարակով, այնպես էլ ապրանքների գնաճով: Համավարակի ընթացքում արտահանումը հեշտացնելու համար Գինու ազգային գործակալությունը շարունակել է իր շուկայավարման գործունեությունը Վրաստանի համար ավանդական շուկաներ համարվող երկրներում: