Հունիսի 24-ին Ախալքալաքում անցկացվեց ստեղծագործական շարադրության մրցույթ, որին մասնակցեցին 117 դպրոցահասակ երեխաներ:
2008-ից սկսած Վրաստանի Հայ Օգնության վարչությունը Ջավախքում կազմակերպում է ստեղծագործական շարադրության մրցույթ: Շարադրության խորագրերն ամեն տարի փոխվում են, կապված տվյալ ժամանակաշրջանի թելադրանքի հետ: Այս տարի հայտարարվեց 6 վերնագիր, որոնցում կարմիր թելի նման անցնում էր խաղաղության և անկախության թեման:
«Տարիների փորձը ցույց է տվել, որ Ջավախքի երեխաները լավ ստեղծագործող են: Անկախ այն բանից, որ դպրոցներում ուշադրություն չի դարձվում ստեղծագործական շարադրություններին, բայց մեր երեխաները ստեղծագործում են, իհարկե զգացվում է բառապաշարի խեղճությունը, որովհետև գեղարվեստական գրականությունից քիչ են օգտվում: Կան երեխաներ, որ 3-4 տարի անընդմեջ մասնակցում են մեր մրցույթներին, զգացվում է երեխայի աճը»,- ասաց ՎՀՕՄ-ի ատենապետուհի Կարինե Թադեւոսյանը:
Ջավախքում ստեղծագործական շարադրության մրցույթը մեկնարկեց Ախալքալաքից, հաջորդաբար կլինի Ախալցխայում, Նինոջմինդայում և Ծալկայում: Ստեղծագործական շարադրության մրցույթի հաղթողները կպարգևատրվեն դիպլոմներով, իսկ բոլոր մասնակիցները պատվոգրերով:
Աղունիկ Այվազյան