Ախալքալաքում Սկզբնական մարտական պատրաստման կենտրոնի շինարարության համար քանդվում են նախկին զինվորական ավանի հոսպիտալի և մանկապարտեզի շենքերը, հետագայում կքանդեն նաև դպրոցի և զորանոցների շենքերը:

baza6

Թե ինչ կկառուցվի քանդված շենքերի փոխարեն առայժմ շինարարները չգիտեն: Ավերված շենքերի շինարարական աղբը մեքենաներով տեղափոխում են նախկին բազայի ոչ հեռու գտնվող հրաձգարաններ:

baza2

Հոսպիտալի տարածքում 2005թ.-ին, երբ դեռևս գործում էր ռուսական բազան, Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակի կապակցությամբ տեղադրվել էր հուշարձան: Ներկա պահին հուշարձանը տեղում է: Զինվորական ավանի բնակիչները և նախկին աշխատողները մտահոգված են, որ հուշարձանը չքանդվի և որ այն գոնե տեղադրվի մեկ այլ վայրում, սակայն ինչպիսի ճակատագիր է սպասվում հուշարձանին, շինարարները դեռևս չեն կարող ասել:

baza1

Ախալքալաքում, նախկին 62–րդ զինվորական ավանի տարածքում Վրաստանի Պաշտպանության Նախարարությունը կառուցում է Սկզբնական մարտական պատրաստման կենտրոն: Կենտրոնի շինարարության հիմքը դրվեց 2014թ. օգոստոս ամսին, երբ Ախալքալաք էր այցելել նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Ալասանիան այն ժամանակ ասաց, որ Սկզբնական մարտական պատրաստման կենտրոնը կաշխուժացնի տարածաշրջանի կյանքը և տեղական բնակչության համար մեծ նշանակություն կունենա: Կենտրոնը կսպասարկի տեղական բնակչությունը, ինչպես նաև նախատեսվում է կենտրոնի ճաշարանների համար գյուղատնտեսական մթերքները գնել տեղական ֆերմերներից:

baza5

Հարկ է նշել, որ անցյալ տարի ավանի բնակիչների միջև անցկացվել է հարցում, թե ինչ ծառայություն կարող են առաջարկել նրանք կենտրոնին:

Սկզբնական մարտական պատրաստման կենտրոնի շինարարությունը կատարվելու է երկու փուլով: Ըստ նախագծի առաջին փուլը ավարտվելու է 2015 թ.-ին: Այս փուլում պետք է կառուցվեն զորանոցները, ճաշարանը և շտաբը: Երկրորդ փուլը կավարտվի 2019 թ.-ին, երբ շահագործման պետք է հանձնվեն սպորտային համալիրը, հանրակացարանը, մանկապարտեզը և այլ սպասարկման կետեր:

baza3

Սկզբնական մարտական պատրաստման կենտրոնի մասին ավելի մանրամասն jnews.ge–ին կներկայացնի իր հետագա նյութերում:

Շուշան Շիրինյան