Իհարկե, մենք չենք ողջունում նման միջոցառումները, ինչ նպատակ էլ որ դրանք ունենան»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն, պատասխանելով Jnews-ի հարցին, թե որքանով են նպատակահարմար Թբիլիսիում իշխանությունների բազմահազարավոր հանրահավաքները, համավարակի հերթական գագաթնակետային շրջանում։
Երկրում անցկացվող «Պատվաստման մարաթոնի» շրջանակներում երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամղրելիձեն այցելել է Ջավախք։
Դիլիսկա գյուղում նա պատասխանեց լրագրողների հարցերին։ Հարցին. «Ի՞նչ սպասել Թբիլիսիում բազմահազարանոց հանրահավաքից հետո», NCDC-ի ղեկավարը պատասխանեց.
«Դուք շատ լավ գիտեք, որ մենք ընտրում ենք մի քանի միջամտություններ։ Մենք բոլորս պետք է դիմակ կրենք, ինչը շատ կարևոր է ամենուր, փակ տարածքներում: Պետք է հեռավորություն պահպանել և զերծ մնալ ամեն տեսակի միջոցառումներից՝ լինի դա հարսանիք, թե թաղում։ Իհարկե, մենք չենք ողջունում նման միջոցառումները, ինչ նպատակ էլ որ դրանք ունենան, դա մեծ գործոն է վիրուսի տարածման համար, վարակի տարածման սպառնալիքի առումով»։
Հոկտեմբերի 27-ին, Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղի է ունեցել երկրի իշխանությունների կազմակերպած խաղաղ, նախընտրական հանրահավաք։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, ցույցին մասնակցել է 150 հազար մարդ։ Ախալքալաքից հանրահավաքին մասնակցելու նպատակով Թբիլիսի էր մեկնել 1000-1700 մարդ։