Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ախալքալաքում սկսվել է շտապօգնության նոր շենքի շինարարությունը։ Այն գտնվում է Ախալքալաքի ռեֆերալ հոսպիտալի բակում՝ շտապօգնության գործող շենքի դիմաց։
Նոր շենքի կառուցման մրցույթը հայտարարել է Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը։ Նախնական գումարը կազմել է 459 451 լարի, մրցույթը շահել է Ախալքալաքից անհատ ձեռներեց Սերգեյ Չոլախյանը՝ 420 200 լարիով։ Կառուցապատողի խոսքով՝ շինարարությունը կավարտվի 6 ամսում։ Կառուցապատողի հետ պայմանագիրը կնքվել է այս տարվա հուլիսի 27-ին։
2019 թվականից Վրաստանում մեկնարկել է մինչև 300 պոլիկլինիկայի վերակառուցման, ավելի քան 100 նոր պոլիկլինիկայի և շտապօգնության 40 կենտրոնի կառուցման նախագիծը։ Այնուհետև կառավարությունը 20 մլն լարի է հատկացրել ծրագրի իրականացման համար, որն ընդգրկում է բոլոր մունիցիպալիտետները, այդ թվում՝ Ախալքալաքը։
Սկզբում Ախալքալաքում շտապօգնության շենքի կառուցման համար տեղ չէին կարողանում գտնել, սակայն այժմ այդ խնդիրը լուծված է։ Նշենք, որ շտապօգնության նոր կենտրոնի կառուցումը ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից։