Ախալքալաքի փողոցների մեծ մասը գծանշված չէ արդեն մի քանի տարի, իսկ դաշնային նշանակության Աղմաշենեբելի փողոցի մի հատվածում 2023 թվականի ամռանը ներկված գծանշումները շատ արագ ջնջվել են։
Ախալքալաք քաղաքի փողոցները բաժանված են երկու մասի, մի մասը գտնվում է տեղական իշխանությունների պատասխանատվության ներքո, մյուսը սահմանված է որպես հանրապետական նշանակության ճանապարհ և գտնվում է Ճանապարհային վարչության պատասխանատվության ներքո։ Համապետական նշանակության ճանապարհները մշտապես սպասարկվում են կոնկրետ ընկերության կողմից, որը շահում է բազմամյա մրցույթը։ Ջավախքի պետական ճանապարհները սպասարկում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։ Այս պետական ճանապարհների մի մասն է կազմում Աղմաշենեբելի փողոցը, որը վերանորոգվել է 2019-2020 թթ.: Այս ճանապարհի վերականգնումից հետո պետք է գծանշումներ կատարվեին և հայելիներ տեղադրվեին։ Այնուամենայնիվ, վերջնարդյունքում գծանշումներն արվեցին միայն 2023 թվականի հունիսի 28-ին՝ Ճանապարհային վարչությանը բազմիցս դիմելուց հետո, քանի որ քաղաքի այս հատվածում ամենից հաճախ էին տեղի ունենում ավտովթարներ և հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքեր։
Արդյունքում գծանշումները հայտնվեցին, բայց սկսեցին անհետանալ այն քսելուց մեկ ամիս անց։ Այս պահին այն մասին, որ ճանապարհի այս հատվածում ինչ-որ մի ժամանակ գծանշումներ են եղել՝ հիշեցնում են ներկի մնացորդները հազվադեպ վայրերում։
«ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն, ում մենք դիմեցինք՝ պարզելու, թե երբ են թարմացվելու Աղմաշենեբելի և Ջավախեթյան փողոցների գծանշումները, վստահ է, որ անցած տարի գծանշումներ չեն արվել։
«Երբ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, կատարվում են նաև գծանշումներ: Իսկ հետո՝ ծառայության շրջանակներում, երբ հարկավոր է, Թբիլիսին պատվիրում է՝ մենք էլ անում ենք: Այս գծանշումները տևում են 6 ամիս՝ երաշխիքային ժամկետը 6 ամիս է: Վեց ամիս հետո կարելի է նորից այն անել: Ջավախեթյան փողոցում նոր են սկսել անել: Աղմաշենեբելիի վրա 3 տարի առաջ են գծանշում արել, դե իհարկե կվերանար։ Անցյալ տարի մենք չարեցինք: Արդեն 4 տարի է անցել, ինչ արել են: Լավ ենք անում, և այն երկար է դիմանում»,- ասում է «ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն։
Վրաստանի Ճանապարհային վարչության պետի տեղակալ Պավլե Գամկղրելիձեի խոսքով՝ պայմանագրում նշված են բոլոր գործողությունները, որոնք պետք է իրականացնեն իրենց ենթակայության տակ գտնվող ճանապարհները սպասարկող ընկերությունները։
«Իհարկե, ձմռանը ոչ ոք գծանշումներ չի անում, քանի որ ձմռանն այս շրջանում հաճախ լինում են կլիմայական վատ պայմաններ, երբ ճանապարհները մաքրվում են ձյունից, աղ են լցնում և այլն, ինչը լավ չի ազդում: Դրանից հետո պետք է գծանշումներ կատարել: Ուստի մենք կանենք, երբ ձմեռն անցնի: Ասֆալտապատման աշխատանքներն անպայման կսկսվեն, ենթադրում եմ՝ ապրիլից: Սա ստանդարտ ընթացակարգ է, եթե ընկերությունը չի անում ինչ-որ բան, ապա մենք ունենք ընկերություններ, որոնք հսկողություն են իրականացնում, և եթե ինչ-որ բան չի արվում, հարցը պարզում ենք, մենք նամակ ենք ուղարկում, որ եթե, օրինակ, 3-5 օրում այդ աշխատանքները չկատարվեն, ապա պատժամիջոցները կլինեն և այլն»,- ասում է Պավլե Գամկղրելիձեն։
Ինչ վերաբերում է Ախալքալաքի մնացած փողոցներին, ապա վերջին անգամ գծանշումներ են կատարվել 2020 թվականին՝ Ազատության կենտրոնական փողոցի 2 տեղերում։ Սակայն Աղմաշենեբելիի վտանգավոր հատվածի թեմայի քննարկման ժամանակ տեղական իշխանությունների ներկայացուցիչները պնդում էին, որ եթե ճանապարհի այս հատվածն իրենց պատասխանատվության տակ լիներ, դրա վրա գծանշումները կհայտնվեին վաղուց։
Բայց նախկինում՝ 2023 թվականին, տեղական իշխանությունների պատասխանատվությամբ ոչ մի փողոցում գծանշումներ չեն իրականացվել։ 2024 թվականի բյուջեում ներառված չեն նաև գծանշման ծախսերը։ Սակայն Ենթակառուցվածքների, ճարտարապետության և տարածքային պլանավորման ծառայության Ենթակառուցվածքների և տարածքային պլանավորման բաժնի պետ Արա Մովսիսյանի խոսքով, այս տարի քաղաքում գծանշումներ կկատարվեն։
«Ծրագրում գծանշումը կա: Մենք դրա համար հատուկ նախագիծ ենք ուզում: Կա ծրագիր, բայց բյուջեում այն չի ներառվել, դրա համար դեռ միջոցներ չեն հատկացվել: Ինչ վերաբերում է որակին՝ մենք իրավունք չունենք ինչ-որ միջոցների անվանում մուտքագրելու, պետք է գրված լինի լաք: Ինչ վերաբերում է հսկողությանը, ապա կարող ենք պայմանավորվել շինարարների հետ, որ որակով անեն, բայց փաստաթղթորեն պարտավորեցնել չենք կարող: Տարին նոր է սկսվել, և չենք կարող ասել, թե երբ կհատկացվի դրա համար ֆինանսավորումը: Առաջիկա երկու ամսվա ընթացքում կորոշենք, կծրագրենք և կանենք»,- ասում է Արա Մովսեսյանը։